Պաշտոնական Դուշանբեն հայտարարել է՝ ՀԱՊԿ-ը մտադիր է դաշինքի անդամ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի ամրապնդմանն ուղղված ծրագիր ներկայացնել։ Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդինի խոսքերով՝ համապատասխան փաստաթուղթը ռազմաքաղաքական կազմակերպությունը կներկայացնի առաջիկա ամիսներին։
Նախարար Մուխրիդինի ներկայացմամբ՝ նախագահ Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությունը ենթադրում է ոչ միայն սահմանին ամրությունների կառուցում, այլև «սահմանային գծերի երկու կողմերում համագործակցության պայմանների ստեղծում ու սոցիալ -տնտեսական իրավիճակի բարելավում»։
Թե ՀԱՊԿ-ը կոնկրետ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել դաշինքի անդամ Տաջիկստանի սահմանի ամրապնդման ուղղությամբ, չի հաղորդվում։