Այսօր Գերմանիայում մեկնարկում է Մյունխենի Անվտանգության 60-րդ միջազգային համաժողովը։ Անվտանգության հարցերով աշխարհի ամենահեղինակավոր ֆորումին մասնակցում են տասնյակ պետությունների 180 բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ գրեթե 50 երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:
Ռուսաստանի, Իրանի կառավարությունները միջոցառմանը չեն հրավիրվել։ Հաղորդվում է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի մասնակցության մասին։
Համաժողովի հիմնական թեմաները Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Սոմալիում, Սուդանում և Հայիթիում տեղի ունեցող պատերազմներն են։ Հավաքի օրակարգում է նաև միջազգային իրավունքի գերակայության թեման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր բարեփոխումների հարցը և կլիմայի փոփոխությունը։
Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սպասվում են երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։ Վարչապետի գրասենյակը, սակայն, չի հստակեցնում՝ նախատեսված է արդյոք հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Միրզոյանի, Պապիկյանի հետ մեկնել է Գերմանիա