Վանաձորի թիվ 8 տնակային մանկապարտեզի փոխարեն պետք է նոր ու ժամանակակից շենք կանգնած լիներ՝ ըստ համայնքապետարանի հայտարարությունների։ Դեռ անցած տարի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն ասում էր, որ ոչ միայն թիվ 8-ը, այլև մի ուրիշ տնակային մանկապարտեզ՝ թիվ 4-ը, արդեն կառուցում են։
Մինչդեռ թիվ 4 տնակային մանկապարտեզը հայտարարությունից կես տարի անց էլ դեռ տեղում է, տնակներն ապամոնտաժված չեն։ Թիվ 8-ի շինարարությունը, որ սկսվել էր դեռ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի օրոք, նույնպես խոստումնալից վիճակում չէ։ Երեք տարի առաջ գցված հիմքը մարդաբոյ խոտածածկի տակ է, բետոնապատ ամրաններն արդեն ժանգոտել են, տեղում էլ միակ շունչը թափառող շներն են, որ անհոգ տեղավորվել են 2021-ից կիսատ մնացած շինարարական տարածքում։
Պետական գնումների պաշտոնական էջից պարզ է դառնում, որ երկու մանկապարտեզների շինարարական մրցույթը հայտարարվել ու ընտրված ընկերության հետ պայմանագիր են կնքել միայն երկու ամիս առաջ՝ դեկտեմբերին։ Երկու ամիս անց դեռ որևէ աշխատանք չի իրականացվել։ Համայնքապետարանից կարճ են բացատրում՝ անցած տարվա ծրագրերն այս տարի են տեղափոխել, կանեն. - «Իհարկե, սա դեռ ամենը չէ, աշխատանքները շարունակական են»։
Մի քանի օր առաջ տարածած մեկ այլ տեսանյութում պաշտոնակատարն արդեն չի խոսում այս երկու մանկապարտեզների մասին։ Խոստանում է, որ այս տարի Վանաձորի վերջին տնակային մանկապարտեզն են քարաշեն դարձնելու. - «Կկառուցվի Վանաձորի թիվ 7 տնականային մանկապարտեզի շենքը, այսպիսով Վանաձորում տնակային մանկապարտեզ այլևս չի լինի»։
Մինչդեռ այս դեպքում ևս շինարարությունն սկսելու մասին հավաստող որևէ փաստաթուղթ չկա։ Վանաձորցի իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը պնդում է՝ ոչ միայն շինարարական խոշոր ծրագրերն են թղթի վրա ու գովազդների տեսքով մնացել, այլև պետական ու համայնքային միջոցներով նորոգվող ճանապարհներն են կիսատ, կատարված շինարարությունն էլ՝ շատ դեպքում անորակ։
«Այս աշխատանքները պետք է ավարտված լինեին արդեն օգոստոս ամսին, այսինքն՝ սեպտեմբերին հանձնված լիներ, բայց փաստացի բոլոր փողոցները, որոնք իրականացվում էր համայնք + պետություն՝ սուբվենցիայի շրջանակներում, որևէ փողոց իրականում իրականացված և վերջնական տեսքի չէ։ Որակի հետ կապված բոլորն ունեն խնդիրներ, շատ վատ արդյունք է, որովհետև երկու տարվա բյուջե ենք օգտագործել այս անորակ աշխատանքների վրա և ունենք մոտավորապես զրո արդյունք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած աղբատարների ավելացմանը՝ Վանաձորը կուտակված աղբից դեռ չի ազատվումՀամայնքապետարանի հայտարարություններում ասված է, որ Վանաձորում անցած տարի 6 կմ ճանապարհ են հիմնանորոգել պետական ու համայնքային միջոցներով։ Միայն 1,2 կմանոց Ներսիսյան փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 390 միլիոն դրամ։
Հիմնանորոգված համարվող ճանապարհի մի մասը, մինչդեռ, մեկ շերտով է ասֆալտապատված, որն էլ արդեն շարքից դուրս է եկել՝ ջրափոսեր են առաջացել, ու տեղ-տեղ ճաքել։ Մայթերը քարուքանդ են, մյուս մասում առհասարակ գործ չի արվել։
«Տեղ չկա գնալու, սաղ քանդված է», - ասում է բնակիչներից մեկը։
Հարակից շենքերի բնակիչները պատմում են՝ դեռ անցած տարի օգոստոսին վարչապետ Փաշինյանն անձամբ է այստեղ հանդիպել իրենց, խոստացել՝ ուսումնական տարին սկսելու հետ այս բանուկ փողոցը պատրաստ կլինի։
Համայնքապետարանից հերքեցին բնակիչների պնդումները, թե պետության ու համայնքի բյուջեից այս փողոցի համար նախատեսած 390 միլիոն դրամը ճանապարհի կեսին սպառվել է։ Լուրը բնակիչներին աշխեկից էր հասել։
Համայնքապետարանից ասում են՝ սա էլ են տեղափոխել այս տարի, սա էլ կավարտեն։ Գովազդային հոլովակներում մինչդեռ, որևէ խոսք չկա, որ աշխատանքները կիսատ են, չեն նշվում նաև հետաձգման կամ չեղարկման պատճառները։ Ավելին՝ արդեն հաստատված, արվելիք աշխատանքի մեջ նշվում են սուբվենցիոն այնպիսի ծրագրեր, որոնք մերժվել են կառավարության կողմից։
Սուբվենցիոն ծրագրերի պատվիրատուն՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն, անցած տարեվերջին աչք էր փակել կիսատ արված կամ չարված խոստումների վրա ու գովաբանել համայնքապետի պաշտոնակատարին՝ աննախադեպ համարելով նրա աշխատանքը։
«Ժամանակավոր պաշտոնակատարը բավական լավ աշխատում է, ավագանու նիստեր են տեղի ունենում, հաստատվում է քաղաքի բյուջեն, ծրագրերը, և եթե առիթ կունենաք այցելել Վանաձոր, ամեն հաջորդ այցի ընթացքում կտեսնեք, թե ինչեր են փոխվում քաղաքում», - ասել էր նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի ավագանին համայնքի շահերին հակասող գործարք է արել՝ ըստ իրավապաշտպանի. նա կդիմի դատախազությունԱնցած տարի 77 միլիոն դրամով նորոգվել էր նաև Բազում թաղամասի հրապարակն, ու կենտրոնում տեղադրվել աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը, որն արդեն կես տարի ցելոֆանապատ է։ Քիչ է՝ արձանը բնակիչների սրտով չէ, չեն էլ հասկանում՝ ինչո՞ւ նախաձեռնողները աստղագետին պոլիէթիլենից չեն ազատում։
«5 ամիս է՝ դրված է», - ասաց մեկը, մյուսն էլ նկատեց. - «Ցելոֆոնը փոխեցին... սա արձանի նմա՞ն է, չի կարելի»։
Վանաձորը զարգացնելու համար հնարավորն ու անհնարն անելու, շինարարական բումի մասին հավաստիացումները, մինչդեռ, շարունակվում են. - «23 թվականին արդեն իսկ մեծ ծավալի աշխատանքներ իրացվել են, 24 թվականին նախատեսված է գրեթե երկու անգամ աշխատանքներն ավելացնել», - ասվում է հոլովակում։
Հայտնի չէ՝ այս տարվա արդեն հայտարարված ծրագրերից ո՞րը կիրականացվի, բայց այս պահին գնումների նոր գործընթաց 2024-ի խոստացված ծրագրերի համար չկա։