Ներքին Հանդում 4 հայ կամավորները ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանվել են տարբեր դիրքերում: Փետրվարի 13 -ի բախումներին մասնակցած կամավորներից մեկը՝ Արսեն Հակոբյանն, այսօր «Ազատությանը» մանրամասներ պատմեց։
«Չորսը, որ սպանված են, մեկ դիրքից չեն, տարբեր դիրքերից, մեր դիրքից մահացել է մենակ Գագոն։ Մի վիրավոր, մի զոհը մեր դիրքում է եղել, 3 զոհ էլ ուրիշ դիրքերից: Ամեն դիրքից մի հոգի են խփել։ Բոլոր դիրքերի վրա էլ խփել են», - ներկայացրեց Հակոբյանը:
Կամավորականը պատմում է՝ ադրբեջանցիները հարձակումը սկսել են վաղ առավոտյան, կռիվը տևել է մոտ 2 ժամ։ Ընդորում, Հակոբյանի պնդմամբ, բախումներից առաջ կոնկրետ իրենց դիրքից որևէ կրակոց չի եղել։ Պատասխան կրակ են բացել, երբ ադրբեջանցիները սկզբից դիպուկահարների, ապա այլ զինտեխնիկայի կիրառմամբ անցել են հարձակման։
«Հիմնականում սպանել են սնայպերով։ Դիպուկահարի խփելուց հետո, սկսել են տարբեր զենքերով խփելը: Առաջին կրակոցը եկել է ընկերոջս վրա, Վարդանյան Ռուստամի վրա, ինքը ձեռքից վիրավորվեց, դրանից հետո սկսվեց ամբողջ դիրքին խփելը», - ասաց Հակոբյանը։
Քասախում այսօր վերջին հրաժեշտն էին տալիս այդ մարտերում զոհված 3 երեխաների հայր, 41-ամյա Գագիկ Մանուկյանին։ Զինակից ընկերը՝ Արսեն Հակոբյանը պատմում է, դիպուկահարի կրակոցից Գագիկը տեղում մահացել է, փրկել չի հաջողվել։
«Ռուստամը, որ վիրավորվեց, Գագիկը Ռուստամին տարավ, ձեռքը կապեց, դեղ տվեց, ետ եկավ, տղերքից մեկը պահի տակ ձայն հանեց, Գագոյին թվաց, թե իրան խփեցին, պտտվեց նայեց մեր ընկերոջը ու հետևից Գագոյին խփեցին, սրտին են խփել, ես, որ իրան տանում էի, խրամատի մեջ ստուգեցի, տեսա, որ մահացել էր, բայց իմ սրտի հովարանքի համար մինչև վերջ տարա», - պատմեց կամավորականը:
Ադրբեջանը փետրվարի 13 -ին հայտարարեց, թե «հատուցում» օպերացիայով հայկական դիրք է ոչնչացրել։ Կամավորականը պնդում է, որ իրենց դիրքը տեղում է, մյուսներից տեղյակ չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է տեղի ունեցել Ներքին Հանդում և ինչո՞ւ սրվեց իրավիճակըՆերքին Հանդի գյուղապետ. գյուղից անզեն աչքով տեսանելի է 6-7 ադրբեջանական հենակետ
Սյունիքի մարզի Ներքին Հանդը 44-օրյա պատերազմից հետո շրջապատված է ադրբեջանական դիրքերով։ 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ ադրբեջանցիներն առաջացան՝ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո՝ մինչև օրս Ներքին Հանդի բնակիչները զրկված են ջրից, արոտավայրերից, գերեզմանատուն այցելելու հնարավորությունից։
«Բոլոր տները տեխնիկական ջուր մտնում ա, գետի ջուր էլի, խմելու համար էլ մոտակա աղբյուրներից ենք բերում», - ասաց Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը:
Ներքին Հանդի գյուղապետն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, գյուղից անզեն աչքով 6-7 ադրբեջանական հենակետ են տեսնում. - «Դիրքերը, որ նայում ենք, իրանց ու մեր, ահագին տարբերություն կա, ավելի բարձունքի վրա են ու վերահսկում են մեզ, այսինքն, մեր դիրքերը նորմալ «ուսիլիտ» արած էլ չեն»:
Ներքին Հանդի հայկական դիրքերում ծառայություն իրականացրած կամավորական Արարատ Մանուկյանը, որն այսօր մասնակցում էր զինակից ընկերոջ հուղարկավորությանը, հորդում էր ուժեղացնել հայկական հենակետերը։
«Մեր դիրքերը պիտի «ուսիլիտ» արվի, մեր դիրքերը պիտի պաշտպանվի, պետք ա տիրություն արվի, նենց չի, որ առաջին անգամ ես եմ ասում, բոլորն են նկատել, բոլորն են ասում», - ասաց կամավորականը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ներքին Հանդում տեղի ունեցած իրադարձություններին
Ներքին Հանդում տեղի ունեցած իրադարձություններին է այսօր անդրադարձել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, պատասխան պահանջելով Հայաստանից։
«Ինչո՞ւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չկատարեց ադրբեջանցի զինվորին վիրավորում հասցնելու միջադեպը հետաքննելու իր խոստումը։ Միաժամանակ, այդ ի՞նչ հիմքով են դիրքերում տեղակայված ռազմական տարբեր խմբավորումների վարձկանները ենթակա դարձել Պաշտպանության նախարարությանը», - ասված է հաղորդագրությունում։
Փետրվարի 12 -ին Հայաստանի ռազմական ոստիկանությունը հայտարարեց, թե հետաքննում են ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունը։ Առայժմ, հետաքննության արդյունքների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։