Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը մանրամասներ և տեսանյութ է հրապարակել ռուսական Սևծովյան նավատորմի «Ցեզար Կունիկով» խոշոր դեսանտային նավի վրա հարձակումից։
«Թշնամու նավը հարձակման է ենթարկվել Magura գրոհային ռազմածովային ինքնակառավարվող սարքերի միջոցով՝ ժամանակավորապես օկուպացված Ղրիմի ափերի՝ Ալուպկա քաղաքի մոտ: «Ցեզար Կունիկով»-ը ստացել է կրիտիկական անցքեր և սկսել է խորտակվել», - տեղեկացրել է Կիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայից հաղորդում են Սև ծովում ռուսական դեսանտային նավ խոցելու մասին, Մոսկվան չի մեկնաբանումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «մեծ ձեռքբերում» է անվանել ուկրաինական զինված ուժերի հաջող գործողությունները Սև ծովում:
«Ուկրաինացիներին հաջողվել է մեծ կորուստներ պատճառել Ռուսաստանի Սևծովյան նավատորմին։ Նրանց հաջողվեց ռուսական նավատորմը դուրս մղել Սև ծովի արևմտյան հատվածից։ Եվ սա մեծ ձեռքբերում է և մեծ հաղթանակ ուկրաինացիների համար», - հայտարարել է Ստոլտենբերգը:
Ոչ Կրեմլը, ոչ էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չեն մեկնաբանել դեսանտային նավի վրա հարձակման լուրը։ Սակայն ռուսական ռազմական Տելեգրամ ալիքները նույնպես գրում են այդ մասին, միաժամանակ պնդելով, թե անձնակազմը ողջ է։
Երկու շաբաթ առաջ էլ հաղորդվել էր, որ ուկրաինական արտադրության Magura ռազմածովային ինքնակառավարվող սարքերի գրոհի արդյունքում ոչնչացվել է նաև Սևծովյան նավատորմի խոշոր հրթիռային նավը՝ «Իվանովեց»-ը։
Դեսանտային նավի մասին լռելով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը միաժամանակ հայտարարում է գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցված ուկրաինական կամիկաձե անօդաչուների մասին։
Նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի գիշերը վեց անօդաչու թռչող սարք են խոցել Սև ծովի, երկուսը՝ Բելգորոդի, մեկը՝ Վորոնեժի շրջանում։
Ուկրաինային սահմանակից Բելգորոդի և Կուրսկի մարզերում գիշերը հրթիռային տագնապ է հայտարարվել։
Մինչ այդ, Ուկրաինայի զինված ուժերի նորանշանակ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն այցելել են ուկրաինական զորքերի դիրքեր Ավդեևկայի և Կուպյանսկի ուղղություններում, որտեղ ռուսներն ինտեսիվ գրոհներ են անցկացնում։
Ընդգծելով, որ օպերատիվ իրավիճակը մնում է «շատ բարդ և լարված», այդ թվում՝ ռուսական զորքերի թվային առավելության պատճառով, Սիրսկին գրել է. - «Ռուս զինվորականներն ակտիվորեն կիրառում են ավիացիան, ինչպես նաև խիտ ականանետային և հրետանային կրակ են բացում Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր դիրքերը պահպանվեն»:
Ավելի վաղ Սիրսկին գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ուկրաինական բանակը «ճակատում ստեղծված բարդ իրավիճակի» պատճառով անցել է պաշտպանական գործողության։ Նրա խոսքով՝ նպատակը հակառակորդի ուժերը սպառելն է։ Միաժամանակ, գլխավոր հրամանատարը խոստովանել էր, որ ուկրաինական բանակը պատրաստ է անհրաժեշտության դեպքում թողնել դիրքերը անձնակազմի կյանքը փրկելու համար։
Հաջորդ շաբաթ լրանում է Ուկրաինայի դեմ ռուսական լանածավալ ագրեսիայի երկրորդ տարին։ Մոսկվան կրկին հայտարարում է, թե պատրաստ է կանգ առնել իր թելադրած պայմաններով:
«Ռուսաստանը բաց է ուկրաինական հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման համար՝ հաշվի առնելով մեր օրինական հետաքրքությունները և տեղում ստեղծված իրավիճակը», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
«Պուտինը Ուկրաինայում հրադադար չի առաջարկել»
Reuters լրատվական գործակալությունն այսօր գրել է, թե Ռուսաստանի նախագահը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին առաջարկել է սառեցնել ուկրաինական հակամարտությունը, սակայն բանակցությունները ձախողվել են: Բանակցություններին ծանոթ ռուսական երեք աղբյուր վկայակոչելով՝ լրատվամիջոցը փոխանցում է, որ 2023 թվականին Պուտինը հրապարակավ և մասնավոր միջնորդների, այդ թվում՝ Մոսկվայի արաբ գործընկերների միջոցով, Վաշինգտոնին տեղեկացրել է, թե պատրաստ է դիտարկել Ուկրաինայում հրադադարը: Պուտինն առաջարկել է սառեցնել հակամարտությունը ներկայիս գծով և ընդգծել է, որ չի ցանկանում զիջել Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներից որևէ մեկը Սպիտակ տունը հրաժարվել է բանակցություններից, հաղորդում է գործակալությունը։
Մոսկվան այսօր հերքեց Reuters-ի հրապարակումը, Կրեմլի խոսնակը պնդեց՝ Պուտինը Ուկրաինայում հրադադար չի առաջարկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «Պուտինը Ուկրաինայում հրադադար չի առաջարկել»