Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է իր հրաժարականի մասին։
Ֆեյսբուքի իր էջում նախարարը, մասնավորապես, գրել է, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չի ծառայելու Հայաստանի Հանրապետության բնակիչներին՝ չնշելով հրաժարականի պատճառները։
«Երբ 2020-ի նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։ Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար», - գրել է Քերոբյանը՝ չմանրամասնելով, թե ինչ անհամաձայնությունների մասին է խոսքը։
Քերոբյանի հայտարարությունից պարզ չէ, ինքն է դիմում գրել, թե վարչապետն է ազատել նրան պաշտոնից։
Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։
Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քերոբյանի պնդմամբ՝ չապացուցված մեղադրանքի համար ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում