Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով զոհված 4 անձինք և մեկ վիրավորը Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) անդամներ են։ Այդ դիրքերում, ըստ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, ժամկետային զինծառայողներ չկան։
«Ունենք 4 զոհ, մեկ վիրավոր: Վիճակը էս պահին կայուն է: Ոչ մի զորակոչային տարիքի զինվոր զոհված չի և վիրավորված չի: Մեր կամավորականներն են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը չորս զոհ, մեկ վիրավոր ունիԻնչի՞ հետևանքով երեկ լարվեց իրավիճակը Ներքին Հանդում. - «Ծառայողական քննության արդյունքով կպարզվի՝ էս տվյալ իրավիճակը արդարացված է՞ր, թե՞՝ ոչ», - նշեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:
Երեկ նախ Ադրբեջանի զինուժը մեղադրեց հայկական կողմին Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց մի սահմանապահին վիրավորելու համար։ Արդեն այսօր լուսադեմին պարզ դարձավ, որ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր։ Մինչև ադրբեջանական կողմի հարձակումը, Հայաստանի Ռազմական ոստիկանությունը երեկ, ըստ էության, չէր հերքել, որ հայկական դիրքերից են նախ կրակոցներ արձակվել: Ընդ որում, ընդգծել էին, որ հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Ռազմական ոստիկանությունը, սակայն, շեշտել էր, թե նախնական տեղեկատվությամբ՝ նման իրավիճակ այդ հատվածում չի եղել: Գերատեսչությունն անգամ զգուշացրել էր՝ այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սահմանին կրակ բացելու մասին տեղեկատվությունը քննվում է. ՀՀ ՊՆ ՌՈԲաքուն պնդում է, թե «հայկական կողմի կրակոցից վիրավոր» ունիՉի կարելի զոհեր տալ էնտեղ, որտեղ պետք է խուսափել զոհերից. Քոչարյան
«Ինչքանով էր այդ կրակոցները անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ՝ դա ծառայողական քննությունը, կարծում եմ, այսօր և վաղվա ընթացքում կտա հստակ պատասխան։ Այս պահի դրությամբ կրակոցներ չկան», - ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը:
Արդյո՞ք Ադրբեջանի համար հարձակվելու հիմքեր չեն ստեղծվել, երբ մինչև քննության ավարտը հայկական կողմից հայտարարեցին, թե կրակ բացելու համար անհրաժեշտ իրադրություն չի եղել: «Ոչ, եղել են կրակոցներ: Ռազմական ոստիկանության հայտարարությունը հստակ, տողատակերով նույնիսկ, տալիս է բացատրություն, որը ծառայողական քննությունը կա՛մ կհաստատի, կա՛մ կհերքի», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով. - «Նույնը պետք է անի նաև Ադրբեջանը: Նաև ես գիտեմ, որ ադրբեջանական կողմը դիմել է եվրոպական դիտորդական առաքելությանը, որ՝ «նայեք, էսպիսի բաներ կան»: Ես կարծում եմ, որ եթե դիտորդական առաքելությունը որևէ արձանագրում ունի, դա էլ շատ օգտակար կլինի երկու կողմերի համար՝ հստակ ծառայողական քննություն անցկացնելու համար, և, կարծում եմ, մեղավորները պետք է պատժվեն: Չի կարելի զոհեր տալ էնտեղ, որտեղ որ պետք է խուսափել զոհերից»:
ՌՈ հայտարարությունը չէր կանխելու Ադրբեջանի ռազմական գործողությունները. Աբրահամյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, մինչդեռ, կարծում է, որ Ռազմական ոստիկանության երեկվա հայտարարությունը որևէ կերպ չէր կանխելու Ադրբեջանի ռազմական գործողությունները, և այդ հայտարարությամբ միայն վնաս են հասցնում Զինված ուժերին:
«Ըստ էության, Ռազմական ոստիկանության հայտարարությունը Ադրբեջանի համար, իհարկե, որոշակի լեգիտիմ նաև առիթ էր՝ օգտագործելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը: - «Եթե նույնիսկ տեղի ունենար հրամանով չնախատեսված որևէ գործողություն, ապա նմանատիպ հանրային հրապարակումները՝ դրանք ոչ միայն չէին կարող կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր գործողությունները, այլ դրանք շատ ավելի ծանր ազդեցություն են ունենում Զինված ուժերի և Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա»:
Ինչո՞ւ են Ներքին Հանդի դիրքերում տեղակայվել Երկրապահ կամավորական միության անդամները և ոչ կանոնավոր զորքը։ Այս հարցը ռազմական գերատեսչությունից չեն մեկնաբանել։ Մինչդեռ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է՝ հարավային սահմանում մարդկային ռեսուրս է անհրաժեշտ։
«Հարավային սահմանային մեր երկայնքը ամենամեծն է, և էնտեղ տարածությունները փակելու համար մարդկային ռեսուրս է անհրաժեշտ, և կամավորները շատ դեպքերում Զինված ուժերին օգնում են, ինչպես այստեղ», - նշեց Քոչարյանը:
Դիրքային կորուստ չի եղել. Մելքոնյան
Ադրբեջանի զինված ուժերն այսօրվա ռազմական օպերացիան անվանել են «Հատուցում»՝ շեշտելով, թե «ամբողջությամբ ոչնչացրել են հայկական դիրքը»։ Արդյո՞ք այս հայտարարությունից հետևում է, որ հայկական դիրքն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, պարզ չէ։ Սակայն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ դիրքային կորուստ չի եղել։
«Ես առավոտ էլ եմ զրուցել, ասին՝ դիրքային կորուստ չի եղել, ուղղակի դիրքային հրաձգություն է եղել: Իրենք նախօրոք պատրաստվել են դրան, [...] դիպուկահարները նորից աշխատել են էդտեղ», - ասաց Մելքոնյանը: Հարցին՝ իսկ ինչի՞ց են զոհվել երկրապահ կամավորականները, պաշտպանության նախկին փոխնախարարն արձագանքեց. - «Կրակոցներ են եղել, դիպուկահար էլ է եղել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գագիկ Մելքոնյան. Հայկական կողմը դիրքային կորուստներ չունի«Ադրբեջանը փորձում է ապակառուցողական դերը փոխանցել Հայաստանին»
Ինչո՞ւ երկարատև հարաբերական անդորրից հետո իրավիճակը լարվեց սահմանին։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ներքին Հանդում տեղի ունեցածը կապում է ոչ այնքան տեղանքի, որքան՝ Հայաստան - Ադրբեջան բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ։ Բաքուն, ըստ ընդդիմադիր գործիչի, փորձում է նախ ցուցադրել իր ռազմական առավելությունը, ապա նաև ամեն կերպ ցույց տալ միջազգային հանրությանը, որ ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանն է ապակառուցողական իրավիճակ ստեղծում՝ սահմանային բախումներ հրահրելով:
«Հատկապես վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում, երբ որ Հայաստանից էլ պաշտոնական մակարդակում հայտարարություններ հնչեցին, որ ադրբեջանական կողմի մոտեցումները, ըստ էության, վտանգում են խաղաղության գործընթացը, հիմա կարծես թե այս կիսափակուղային իրավիճակում Ադրբեջանը փորձում է ապակառուցողական դերը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը», - նշեց Աբրահամյանը:
Պաշտոնական Երևանը դատապարտում է
Պաշտոնական Երևանն այսօր խստորեն դատապարտել է «ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական գործողությունները, կոչ անելով զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների»։ Ընդգծելով, որ թեև հայկական կողմը հետաքննում էր ադրբեջանցի զինծառայողի վիրավորման միջադեպ, այդուհանդերձ, Ադրբեջանն անցավ ագրեսիվ գործողությունների, Հայաստանի արտգործնախարարությունը եզրահանգել է. - «Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ»: «Ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը խստորեն դատապարտում է Բաքվի գործողությունները, կոչ անում վերադառնալ բանակցությունների