Կրեմլը Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Մոսկվան ուշադրությամբ հետևում է իրավիճակին:

«Շփման գծից ստացվող լուրերն, անշուշտ, մտահոգիչ են, երկու կողմին զսպվածության կոչ ենք անում՝ ամեն կերպ խուսափելու այլ գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել: Շատ ուշադիր կհետևենք», - ասել է Պեսկովը։

Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Բաքուն հաղորդել է, թե «Հատուցում» գործողություն են իրականացրել՝ «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։

Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։