Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով այսօր մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։
Նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ։ Օրակարգում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին վերաբերող հարցեր են։ Քննարկվելու են նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային հարցեր։
Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Ըստ հայկական կողմի՝ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Շաբաթ օրը Բրյուսելը հաղորդել էր, որ Միրզոյանն ու Բորելը կանդրադառնան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման ներկա վիճակին, քաղաքական երկխոսության, բարեփոխումների, ժողովրդավարության, տնտեսական համագործակցության հետ կապված հարցերին, կքննարկեն նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու Բորելը Բրյուսելում քննարկելու են ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հնարավորությունը