Իրանն աջակցում է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ ընդգծելով՝ Թեհրանը կողմնակից է տարածաշրջանի ներսում կապերի ընդլայմանը։
«Մենք երթուղիների ապաշրջափակման ցանկացած նախագծի գլխավոր նախապայման ենք համարում երկրների ինքնիշխանության իրավունքը։ Մենք ողջունում ենք այն նախագիծը, որը նպաստում է տարածաշրջանի տնտեսական դինամիկ կապերի համակարգում Հայաստանի դերակատարության հնարավորության ստեղծմանը»,- նշել են Իրանի դեսպանությունից։
Անցած տարվա հոկտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգը՝ շեշտելով՝ նախագիծը խաղաղության օրակարգի կարևոր մի մաս է:
Ըստ Հայաստանի գործադիրի ղեկավարի՝ «նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության խաչմերուկ». ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ ճանապարհներ է Հայաստանը պատրաստ կառուցել ու վերակառուցել