Մոսկվայի խնդիրն է Երևանին և Բաքվին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության որոնումներում օգնել. Գալուզին
Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում եզակի են և այլընտրանք չունեն, «Россия-24» հեռուստաընկերությանն ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ շեշտելով, թե Մոսկվայի խնդիրն է երկու երկրներին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության որոնումներում օգնել։
Ռուսական կողմն այս պնդումն անում է, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը փաստացի չի գործում, իսկ անցած սեպտեմբերին ռուս խաղաղապահների ներկայությամբ Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց ու հայաթափեց Արցախը։
«Հենց Ռուսաստանի հովանու ներքո, հենց նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ստեղծվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման հիմքերը», - ասել է Գալուզինը։
Ռուսաստանցի դիվանագետը կրկին շեշտել է՝ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Երևան-Բաքու դեմ առ դեմ շփումները տևական ժամանակ է ընդհատված են: Ադրբեջանական կողմը բոյկոտում է արևմտյան հարթակները, հայկական կողմը չի արձագանքում Ռուսաստանի՝ բանակցություններն այնտեղ անցկացնելու հրապարակային առաջարկներին: Գալուզինը պնդում է, թե ռուսական կողմը բացառիկ նյութեր ունի, որոնք անհրաժեշտ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից դեռ ոչ մի մանրամասն չեն հաղորդում
Ռուսաստանը Բաքվին և Երևանին խորհրդատվական ծառայություններ է առաջարկում
Ավելի քան մեկ տարի առաջ էլ Պուտինն էր ասել, թե պատրաստ են կողմերին տրամադրել ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները, որոնք, ըստ նրա, ամենաճշգրիտն են: Արդյոք այս նույն նյութերի մասին է խոսքը՝ Միխայիլ Գալուզինն այսօր չի հստակեցրել: Կա՞ն արդյոք քարտեզներ, որոնք սահմանազատման հանձնաժողովների անդամների ձեռքի տակ չկան, այս հարցի պատասխանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ստանալ դեռ չի հաջողվել: Այդ մասին տեղեկություն չուներ նաև «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Գիտեք, այս բանակցային պրոցեսի ընթացքում սահմանազատման հետ կապված, նաև հրապարակային է այս տեղեկատվությունը, որ հարցեր են առաջանում, որոնք շատ միգուցե նաև խրթին են, և տեղեկատվությունը երկկողմանի երբեմն կարող է նաև չհամընկնել ինչ-ինչ տեղերում, բայց գլոբալ հարցի լուծման համար սահմանազատման գործընթացը սկսելու և ավարտին հասցնելու համար շատ կարևոր է նաև հենց քարտեզների առկայությունը։ Ես կարծում եմ՝ սրա մասին է խոսքը», - ասաց իշխանական պատգամավորը։
Հայկական կողմը ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում. Վաղարշակ Հակոբյան
Մինչ Գալուզինն ընդգծում է Մոսկվայի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, մյուս փոխարտգործնախարարը հայտարարում է, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, և դրանից դուրս գալը կհակասի Երևանի շահերին: Ըստ Ալեքսանդր Պանկինի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միության շրջանակներում դարձել է առաջատար, մասնավորապես ՀՆԱ-ի աճի, կապիտալ ներդրումների, շինարարական աշխատանքների ծավալով։ Հայկական կողմը ոչ միայն ԵԱՏՄ-ից, այլ նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, շեշտում է իշխանական պատգամավորը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ, նախորդ տարվա համեմատ, աճել է 39 տոկոսով. Փաշինյան
Պաշտոնական Երևանը տևական ժամանակ է ամենաբարձր մակարդակով քննադատում է ՀԱՊԿ-ը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Այժմ էլ այդ խնդիրները, ըստ հայկական կողմի, լուծված չեն:
Չնայած սրան՝ Ռուաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ պնդել էր, թե Երևանն իր տրամադրության տակ ունի ՀԱՊԿ-ի լայն հնարավորությունները, նաև ընդգծել, թե Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ: Այդ հարաբերությունները կարևորում են նաև Երևանում, ասում է իշխող ուժի ներկայացուցիչը:
«Շատ դրական եմ գնահատում, որ մեր գործընկերները խոսում են հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային և կարևոր լինելու մասին», - նշեց Վաղարշակ Հակոբյանը։
Ըստ փորձագետների՝ վերջին շրջանում ռուսաստանցի պաշտոնյաների հռետորաբանությունը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մեղմվել է, իշխանական պատգամավորը դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում: