Մատչելիության հղումներ

Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ, նախորդ տարվա համեմատ, աճել է 39 տոկոսով. Փաշինյան


Ալմաթիում այսօր անցկացվեց ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստը, որը վարում էր Հայաստանի վարչապետը։ Այս տարի Երևանն է ստանձնել Եվրասիական տնտեսական միության նախագահությունը։

Վերջին 1 տարում աճել է Հայաստանի ապրանքաշրջանառությունը միության երկրների հետ, նախորդ տարվա համեմատ՝ 39 տոկոսով, ընդգծեց Փաշինյանը։

«Ակնհայտ է, որ էլեկտրոնային առևտուրը շատ ավելի արագ է զարգանում, քան այդ ոլորտի օրենսդրական կարգավորումը։ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզը, մեր կարծիքով, զարգացման հավասարակշռված ծրագիր է, որը պետք է լուծի իրավական նորմերի կանոնակարգված համակարգի բացակայության խնդիրը։ Էլեկտրոնային առևտրի կարգավորման իրավական մեխանիզմների շահառուն մեր երկրների բիզնեսն է։ Մեր քաղաքացիները պետք է զգան ԵԱՏՄ-ում իրականացվող ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները», - նշել է Փաշինյանը։

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի հարցերից բացի նիստի օրակարգում միասնական տեղեկատվական համակարգի զարգացման հարցն էր, ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև փոխգործակցությունը և այլն։ Օրակարգի հարցերից չէր ընդհանուր էներգետիկ շուկայի հեռանկարի թեման, որին, սակայն, Փաշինյանն անդրադարձավ։

«Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի գործունեությունը, այս պահին ակնհայտ է, որ անդամ պետությունների միջև չկա միասնական մոտեցում՝ ընդհանուր էներգետիկ շուկա կառուցելու և զարգացնելու հեռանկարների առումով։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը առանցքային առավելություններ կտա՝ նպաստելով տնտեսությունների զարգացմանն ու բնակչության բարեկեցությանը», - ընդգծել է վարչապետը:

Ռուսական կողմը ուսումնասիրել է նախագահությունը ստանձնող Հայաստանի առաջարկները 2024-ի առաջնահերթությունների մասին, միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Մենք ուշադիր ուսումնասիրել ենք ձեր կողմից սեղանին դրված առաջնահերթությունները ինտեգրման հետագա քայլերի ուղղությամբ: Դրանք հետևողական են և մեծ մասամբ համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար», - ասել է Միխայիլ Միսուշտինը։

Իր ելույթի ընթացքում Ռուսաստանի վարչապետը 2 անգամ հղում արեց նախագահ Վլադիմիր Պուտնի հայտարարություններին, հիշեցնելով, որ Պուտինն ասել էր՝ «ԵԱՏՄ-ն հաստատվում է որպես բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկը», մեկ այլ առիթով էլ նշել էր, որ «միության աճող հեղինակության և տնտեսական կշռի պայմաններում ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ են շահագրգռված համագործակցել հնգյակի հետ»։

Ապա Միշուստինը հիշեցրեց, որ անցյալ տարի Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել, ինչից հետո բոլոր ընթացակարգերը չէ, որ իրականացվել են, փաստաթուղթը, փաստորեն, դեռ ուժի մեջ չէ։ Քննարկում են Մոնղոլիայի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի հարցերը, ըստ Միշուստինի, ամրապնդվում է Չինաստանի հետ փոխգործակցությունը։

Ընդլայնված կազմով նիստից առաջ տեղի էր ունեցել նախ խորհրդի նեղ կազմով նիստ, որի ընթացքում Հայաստանի վարչապետը կրկին ընդգծել էր տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ու արդիականացման կարևորությունը։ Սահման, սակայն, Հայաստանը ԵԱՏՄ որևէ երկրի հետ չունի և ԵԱՏՄ բեռները Հայաստան են հասնում հիմնականում Վրաստանի միջոցով։

XS
SM
MD
LG