Գլխավոր դատախազությունն ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցների խափանման միջոցը փոխելու հարցով անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը, «Ազատության»-ը փոխանցեցին իրավապահ կառույցից:
Թե երբ որոշում կկայացվի, օրը հստակ չէ:
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով կա 7 մեղադրյալ, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության, 3-ը՝ «Սիներջի»-ի ներկայացուցիչ: Ազատազրկված են միայն ՏՏ ընկերության գործող տնօրենը, բիզնեսի զարգացման կառավարիչն ու նախկին աշխատակից՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հարսը։ Ի տարբերություն պաշտոնյաների, այդ թվում՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, մեկի դեպքում էլ՝ բացակայելու արգելքը։
Ըստ նախաքննության՝ գործը վերաբերում է պետական մրցույթի, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակը ապահովելու համար նախարարության աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել հաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։ Թեև, ըստ Քննչական կոմիտեի, հնարավոր էր այդ ծառայության համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարության մրցութային հանձնաժողովը նախապատվություն է տվել դրանից մոտ 300 միլիոն դրամ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի» ընկերությանը։