Ուկրաինայի խորհրդարանը չորեքշաբթի երեկոյան առաջին ընթերցմամբ ընդունեց «Զորահավաքի մասին» վիճահարույց օրինագիծը, որը, երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովի համոզմամբ, հնարավորություն կտա լրացնել ռազմաճակատում նկատվող մարդուժի սուր պակասը։
«Բանակը զինվորների կարիք ունի։ Բացի այդ, այն զինծառայողները, որոնք զինված ուժերի շարքերը համալրել էին ռուսական լայնածավալ ներխուժման առաջին օրերին, հանգստի կարիք ունեն», - ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Գերագույն ռադայի կողմից հաստատված օրինագծի համաձայն՝ զորակոչից խուսափողների դեմ պետությունը կարող է կոշտ սանկցիաներ կիրառել՝ ընդհուպ մինչև բանկային հաշիվների սառեցում և վարորդական իրավունքի չեղարկում։ Բացի այդ, շրջանառության մեջ են դրվելու «էլեկտրոնային ծանուցագրերը», որոնք քաղաքացիներին կուղարկվեն պետական ծառայությունների մատուցման միասնական պորտալի միջոցով, ինչը գործնականում անհնարին կդարձնի դրանց անտեսումը։ Բացի այդ, օրինագծի վերջնական հաստատման դեպքում արտերկրում գտնվող զինապարտները չեն կարողանա օգտվել հյուպատոսական ծառայություններից, ինչը, օրենքի հեղինակների կարծիքով, կարող է նրանց ստիպել հայրենիք վերադառնալ և համալրել բանակի շարքերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմը կրկին անցել է զանգվածային գրոհի. կան զոհեր, վիրավորներ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդենի առաջարկած ֆինանսական փաթեթի ճակատագիրը դեռ հստակ չէԱյն, որ այս պահին ուկրաինական բանակի առջև ծառացած առանցքային խնդիրը զինծառայողների պակասն է, գրում են նաև առաջատար արևմտյան լրատվամիջոցները։
«Ուկրաինական բանակն առերեսվել է հետևակի զինծառայողների սուր պակասին, ինչն, իր հերթին, հանգեցնում է ուժասպառության և առաջնագծում բարոյահոգեբանական մթնոլորտի վատթարացման», - այսօրվա իր համարում գրում է The Washington Post պարբերականը։
Թերթի Կիևի թղթակիցը նշում է, որ այս հետևությանն է հանգել առաջնագծում կռվող ուկրաինացի զինվորականների հետ զրույցների արդյունքում, որոնք պնդում են՝ «ռազմի դաշտում նախաձեռնությունն այժմ ռուսների ձեռքում է»։
«Ուկրաինական գումարտակներից մեկի հրամանատարը մեզ ասաց, որ այժմ իր ենթակայության տակ ընդամենը 40 զինծառայող կա, և սա այն դեպքում, երբ լիարժեքորեն համալրված գումարտակը պետք է 200 ծառայող ունենա»,- նշել է ուկրաինացի զինվորականը։
Նույն բրիգադում գործող գումարտակներից ևս մեկի հրամանատարը, որ թերթին ներկայացել է որպես Ալեքսանդր, նշել է. - «Դրական հեռանկար չկա: Ամենայն հավանականությամբ ռազմաճակատը որևէ մի հատվածում պարզապես կփլուզվի այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ռուսների հետ 2022-ին՝ Խարկովի մարզում»։
Բայց նույնիսկ եթե ուկրաինացիներին հաջողվի գարնանը զորահավաքի նոր ալիք կազմակերպել՝ լրացնելով մարդուժի պակասը, մեկ այլ առանցքային խնդիր մնում է չլուծված՝ արևմտյան, նախ և առաջ ամերիկյան սպառազինության նոր խմբաքանակի մատակարարման հարցը։
«Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան դեռ երբեք այսքան վտանգավոր իրավիճակում չէր եղել», - երեկ գրել է մեկ այլ հեղինակավոր ամերիկյան պարբերական՝ The New York Times-ը՝ նշելով, որ առաջնագծում ուկրաինացի զինվորականները սկսել են խնայողաբար օգտագործել ականներն ու անգամ փամփուշտները։
«Ավդեևկայում ընթացող մարտերում ուկրաինացիներն այժմ ի վիճակի են ռուսական հրետանու արձակած հինգ արկերին պատասխանել միայն մեկով։ Զինվորականները նաև ասում են, որ դադարել են կրակ արձակել իրենց մոտեցող մեկ կամ երկու ռուս զինվորների ուղղությամբ, քանի որ չեն ցանկանում փամփուշտ վատնել թշնամու փոքր խմբերի վրա», - գրում է The New York Times-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ աջակցությունը հստակ ազդանշան է, որ Ուկրաինան կկանգնի, և որ Եվրոպան կկանգնի. ԶելենսկիՏեսանելի ապագայում, սակայն, այս իրավիճակը հազիվ թե փոխվի։ Դա պարզ դարձավ անցած գիշեր, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Սենատը ընթացակարգային քվեարկության ընթացքում հրաժարվեց քննարկել սահմանային հսկողության խստացման, ինչպես նաև Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող ֆինանսական օգնության միասնական փաթեթը, որով նախատեսվում էր Կիևին շուրջ 60 միլիարդ ամերիկյան դոլար հատկացնել։ Ամերիկյան մամուլի փոխանցմամբ՝ ամիսներ շարունակ տևած բանակցությունների արդյունքում մշակված այս փաթեթի ընդունումը տապալվել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործադրած ջանքերի շնորհիվ, որը վերջին օրերին կոշտ ճնշում է գործադրել հանրապետական սենատորների նկատմամբ՝ նրանց ստիպելով դեմ արտահայտվել արդեն իսկ համաձայնեցված փաստաթղթին։
«Եթե Դոնալդ Թրամփից բացի, կա ևս մեկը, որին ձեռնտու է Սենատում քաոսային իրավիճակի ստեղծումը, Վլադիմիր Պուտինն է: Եթե մենք այս պահին ձախողենք, եթե ուկրաինացի մեր բարեկամներին մեն-մենակ թողնենք Վլադիմիր Պուտինի հետ, ապա պատմությունը խայտառակ և անջնջելի ստվեր կգցի այն սենատորների վրա, որոնք արգելափակեցին [Ուկրաինայի] ֆինանսավորումը», - անցած գիշեր հայտարարել է Սենատի դեմոկրատական խմբակցության ղեկավար Չաք Շումերը։