«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր արձագանքեց խաղաղության պայմանագրի տեքստից Փաշինյանի կատարած գաղտնազերծմանը։
Գեղամ Մանուկյանը, որ հնարավորություն է ունեցել Արտգործնախարարությունում ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին, կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց՝ եթե չի սխալվում, Փաշինյանի այսօր մեջբերած դրույթն Ադրբեջանի առաջարկն է։
«Այսօր Ազգային ժողովում արտառոց բան կատարվեց՝ Նիկոլ Փաշինյանը գաղտնի գրիֆով փաստաղթղթից բառացի մեջբերեց մի կետ, կարծեմ 11 -րդ կետը՝ «Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։
Ի դեպ, որքան հիշում եմ, ադրբեջանական կողմի առաջարկն է եղել այս դրույթը։ Սա նաև ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետև որևէ սահմանադրական դատարան չի կարող որևէ միջազգային փաստաթուղթ համարել սահմանադրական, որը կհամարվի վեր ՀՀ օրենսդրությունից։ Եվ վերջին օրերին, երբ պարբերաբար կրկնում ենք, որ նոր Սահմանադրության գաղափարը ծնվել է հենց էդ փաստաթղթի պահանջով, հենց այս կետն է, որ նոր Սահմանադրությունով հնարավոր է շրջանցել Սահմանադրական դատարանի եզրակցությունը», - հայտարարեց պատգամավորը։
«Այդ դրույթը Վիեննայի կոնվենցիայի դրույթ է, որը վավերացված է նաև ՀՀ -ի կողմից։ Որ ուշադիր կարդացած լինեիք (խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը), կտեսնեիք, որ Վիեննայի կոնվենցիայի վրա շատ կոնկրետ հղում է արված։ Մենք գիտեինք, որ դուք գնալու եք, կարդաք, հետո դուրս էիք գալու և դա օգտագործելու եք նեղ քաղաքական, ոչ ճշգրիտ նպատակների համար, հիմա ինչքան կարդացել եք, բավական է, երկար ժամանակ էլ չեք կարդա», - արձագանքեց վարչապետը։
Գեղամ Մանուկյանն, իր հերթին, հավելեց. - «Էդ փաստաթղթի նախագծին, որ ծանոթացել եմ, Վիեննայի կոնվենցիայի բոլոր դրույթները խաղաղության պայմանագրում տեղ չեն գտել, հենց կոնկրետ դա էր տեղ գտել և կոնկրետ ադրբեջանական կողմի առաջարկով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն առաջին անգամ խաղաղության պայմանագրի տեքստից կոնկրետ ձևակերպում բացահայտեց