Միացյալ Նահանգների Սենատը քվեների 92 կողմ 5 դեմ հարաբերակցությամբ, Քուրթ Քեմփբելին հաստատել է պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում։ Քեմփբելն այս պաշտոնում կփոխարինի Վիկտորիա Նուլանդին։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նորանշանակ տեղակալը 2021 թվականից զբաղեցնում էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում համակարգողի պաշտոնը։
Քեմփբելի պաշտոնական կենսագրության համաձայն, 67-ամյա դիվանագետը երիտասարդ տարիներին, ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում, որոշ ժամանակ ուսանել է Խորհրդային Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում երաժշտություն և քաղաքական փիլիսոփայություն ուսումնասիրելով։