Երեկ Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը լրատվամիջոցի կայքում հրապարակել է իր հոդվածը, որով վիճարկում է օրեր առաջ Հանրային ռադիոյին հյուրընկալված վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները։
«Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ և որևէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում։ Սակայն հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը», - հայտարարում է Հանրային հեռարձակողի խորհուրդը:
Խորհրդի կարծիքով՝ «ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար»։
Ըստ այդմ, խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրենի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին, ասված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյան. «Մեր խնդիրն է՝ հասկանալ, թե ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ»«Մենք քաղաքացու ու պետություն միջև ճեղք ունենք». Փաշինյանը՝ նոր Սահմանադրություն ունենալու մասին