Հայաստանն ու Ֆրանսիան հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի դեմ․ այս պնդումն արդեն երրորդ օրն է, ինչ հետևողականորեն հնչեցվում է Բաքվում գործող պետական և ֆորմալ առումով մասնավոր, բայց իշխանությունների ուղղակի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից։
Մինչ այս պահը, գոնե, որևէ փաստական ապացույցով չհիմնավորված այս մեղադրանքների պատճառը Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի գեներալ Ուիլյամ դե Մեյերի՝ անցած շաբաթավերջին կայացած այցն էր Հայաստան, որի ընթացքում բարձրաստիճան զինվորականն այցելել էր նաև Ադրբեջանի հետ սահմանի Ջերմուկի հատված։
Ֆրանսիացի գեներալի սահմանային շրջայցը պատկերող լուսանկարներն օրերս հրապարակել էր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։
Ուիլյամ դե Մեյերի այցելությանը սահմանից այն կողմ առաջիններից մեկն արձագանքեց Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը՝ իր ամենշաբաթյա կիրակնօրյա ամփոփիչ ծրագրում։
«Այսօր մենք Ֆրանսիայի գործողությունների մասին բավարար փաստեր ունենք։ Սկսենք նրանից, որ ֆրանսիացի գեներալը Հայաստանի կողմից մոտենում է Ադրբեջանի սահմանին և հեռադիտակով ուսումնասիրում է այն։ Ո՞րն է նրա այդ քայլի պատճառը։ Արդյոք պատերազմի են նախապատրաստվում։ Նրանք կարող են ժխտել դա, բայց մենք հակառակն ենք պնդում», - հայտարարում էր Ադրբեջանի պետական հեռուստատեսության մեկնաբանը՝ շարունակելով, - «եթե նպատակն այլ լիներ, Ֆրանսիան չէր փորձի ակտիվացնել Հայաստանին սպառազինության վաճառքը։ Եթե նպատակն այլ լիներ, Ֆրանսիան Հայաստանում նոր հետախուզական ծառայություն չէր ստեղծի»։
Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը, սակայն, այսքանով չսահմանափակվեց՝ պնդելով, թե Փարիզն ու Երևանն իբր որոշել են անգամ ապագա հիպոթեթիկ հարձակման ուղղությունը։
«Ֆրանսիան Հայաստանին նախապատրաստում է նոր պատերազմի։ Մենք գիտենք Մակրոնի և Փաշինյանի ապագա հարձակման բնույթն ու ուղղությունը։ Հարձակումը անակնկալ է լինելու և իրականացվելու է Ջերմուկի կողմից», - պնդում էր Ադրբեջանի հեռուստատեսության լրագրողը՝ չհստակեցնելով սակայն, թե որքանով անակնկալ կարող է լինել մի հարձակում, որի կոնկրետ ուղղության մասին պատմում են երկրի պետական հեռուստաընկերության եթերում։
Ադրբեջանական իշխանամետ մամուլի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ հեռուստատեսությամբ, ամենադիտվող ժամին եթեր հեռարձակված այս պնդումները իշխանությունների կողմից կազմված որոշակի շրջաբերականի հետևանք էին՝ շրջաբերական, որի հասցեատերը միայն պետական հեռուստատեսությունը չէ։ Այսպես, ուժային կառույցների հետ սերտ կապերով հայտնի Caliber կայքը, սպասվող հարձակման մասին իր հոդվածում գրեթե նույնությամբ կրկնել է պետական հեռուստատեսությամբ հեռարձակված պնդումները։
«Ֆրանսիան Հայաստանին նախապատրաստում է ռևանշի։ Նպատակը Ադրբեջանի դեմ հարձակումն է՝ տեղային գրոհի միջոցով գոնե մի կտոր հող ստանալը», - գրում է Caliber՝ պնդելով, թե հենց այդ պատճառով է, որ Երևանը՝ «ձգձգում է խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ տարատեսակ պատճառներ հորինելով»։
Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում գրեթե նույն բառերով է նկարագրում նաև իշխանությունների ուղղակի վերահսկողության տակ գտնվող Baku TV-ն։
«Գեներալ դե Մեյերի այցից հետո բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ադրբեջանը հետագայում ևս պետք է ամրապնդի Հայաստանի հետ իր սահմանները և պատրաստ լինի ցանկացած սադրանքի։ Ակնհայտ է, որ Ֆրանսիան Հայաստանին նախապատրաստում է ռևանշի և համատեղ գործողությունների նպատակը տեղային գործողությունն ու ադրբեջանական տարածքի գրավումն է», - հաղորդում էր իշխանամետ հեռուստաընկերությունը։
Նկատելի է, ի դեպ, որ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներում կարմիր թելով անցնող գլխավոր միտքը հետևյալն է՝ «Ֆրանսիան ակտիվորեն զինում է Հայաստանին»։ Մինչ այս պահը, սակայն, Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարման միակ փաստագրված դեպքը՝ Bastion մակնիշի զրահամեքենաների առաքումն էր, որն իրականացվեց անցած տարվա նոյեմբերին՝ Վրաստանի տարածքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ օրինագիծը Ֆրանսիայի ՍենատումԱդրբեջանական կողմի՝ վերջին օրերի նյարդային պահվածքի պատճառներից ևս մեկն, ըստ ամենայնի, Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ անցած շաբաթավերջին հեռարձակված հարցազրույցն էր, որի ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսեց Փարիզի հետ սպառազինության ձեռքբերման գործարքների մասին՝ նշելով, որ այս պահին Ֆրանսիան, Հնդկաստանի հետ միասին Երևանի հիմնական ռազմատեխնիկական գործընկերն է։
Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության մասին պայմանագիրը ստորագրվեց նախորդ տարվա հոկտեմբերին Փարիզում։ Այդ օրերին Ֆրանսիայի Պաշտպանության նախարարը պնդում էր, որ Փարիզը նախատեսում է Հայաստան մատակարարել GM200 տեսակի երեք ռադար, ինչպես նաև Mistral հրթիռներ։ Ֆրանսիական սպառազինության՝ Հայաստան առաքման, գործող բանակային համակարգում դրա ներդրման և ներդաշնակեցման ժամկետները առայժմ չեն հրապարակվում։