Երևանի ավագանու իշխող ուժը փետրվարի 7-ի արտահերթ նիստում պատրաստվում է մանդատից զրկել հինգ ընդդիմադիրների՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։
Այս մասին «Ազատությունն» այսօր զրուցել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հետ:
Գրիգորյան. - Եթե զուտ իրավական կողմով նայենք, ինքը էլի խնդրահարույց է, որովհետև բացակայությունները պետք է լինեն անհարգելի, որի մասով որևէ գործընթաց չի արվել: Այսինքն՝ ավագանու ինչ-որ հանձնաժողով չի քննարկել, երևի Իրավական հանձնաժողովը, պարզելու համար բացակայությունների բնույթը:
«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, Երևանի քաղաքապետարանի հիմնավորման մեջ նշվում է, որ դուք չեք ներկայացրել բացակայությունների հարգելի լինելու վերաբերյալ հիմունքներ:
Գրիգորյան. - Այո, բայց կազմակերպական վարչությունը, այսինքն, քարտուղարությունը, չգիտեմ որ բաժինը, որը պատասխանատու է ներկա-բացակայի համար, նրանք պետք է ինչ-որ մի ձևով տեղեկացնեին, որ այդ հիմքերը չեն ստացվել, այսքան օրում չստանալու դեպքում կհարուցվի նման վարույթ և այլն:
«Ազատություն». - Ծանուցո՞ւմ չի եղել:
Գրիգորյան. - Այո, ծանուցում չի եղել: Երբ դու մարդուն զրկում ես ինչ-որ մի լիազորությունից կամ իրավունքից, պատշաճ ծանուցումը կոչվում է պրոցեսի բաղկացուցիչ մաս, բայց նաև քաղաքականին եթե նայենք, այսինքն կան նաև այլ առիթներ, օրինակ, ՔՊ-ի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու, բայց դրա նախաձեռնությունը չի գալիս:
«Ազատություն». - ՔՊ-ից էլ կա՞ն բացակայողներ:
Գրիգորյան. - Ոչ միայն բացակայողներ, այլ նաև այլ առիթներով, օրինակ, կան որոշակի ավագանու անդամներ, որոնք զբաղեցնում են իրենց պաշտոնների հետ անհամատեղելի այլ պետական կամ հանրային պաշտոններ, դրանց մասին Հակակոռուպցիոն հանձնաժողովը գրություն էր ուղարկել ավագանու բոլոր անդամներին ու այդտեղից մենք տեղեկացել ենք, որ կան նաև նման անձինք: Այսինքն՝ երբ դու մի սկզբունքը կիրառում ես ընտրովի, քո թիմակիցների նկատմամբ չես կիրառում, էս մեկին եկեք պատժենք, մյուսին՝ չէ, ու երբ նայում ենք, պատժում են ո՞ւմ, ընդդիմադիր ամենամեծ խմբակցության, այսօրվա դրությամբ իշխանությանը ամենամեծ ընդդիմադիր ուժ, այլընտրանք համարվող խմբակցության ղեկավարին, ապա հասկանալի է դառնում, որ մոտիվացիան, դրդապատճառները զուտ քաղաքական են, և մենք դա գնահատում ենք որպես ուղղակի քաղաքական այլակարծությունը ճնշելու որևէ մի դրսևորում:
«Ազատություն». - Ինչո՞ւ, ի՞նչ էր անում Մարությանը, որ պիտի անպայման իրեն հեռացնեին քաղաքականությունից:
Գրիգորյան. - Որովհետև իր հնարավորությունը լինելու այլընտրանքային քաղաքապետի թեկնածու, իսկ այսօր եթե ինչ-որ մի փուլում մենք ստանանք այնպիսի մի իրավիճակ, որ ՔՊ-ն քաղաքական ճգնաժամի մեջ լինի ու հրաժարական տա Ավինյանը կամ քվորում չկայանա, այսինքն, այսօրվա ձայների բաշխվածության պարագայում դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի ու ըստ էության երբ դա տեղի ունենա, գալու է հարց, թե ով է լինելու քաղաքապետին փոխարինող: Այդ ցցուն կերպարը, որը կարող էր լինել այլընտրանքային թեկնածու, Հայկ Մարությանն էր:
«Ազատություն». - Դուք նկատի ունեք, որ Ավագանին չլուծարվի, այլ նույն կազմից նոր քաղաքապետ ընտրվի՞:
Գրիգորյան. - Այո, այդ դեպքում դա ևս քաղաքական բաղադրիչ ունի, և դրանով եմ ես պայմանավորում այս գործընթացը:
«Ազատություն». - Իսկ այդ ճգնաժամը կա՞ ընդհանրապես, համենայնդեպս քանի ամիս է նիստեր են անում, դա այլևս տեսանելի, չէ, որովհետև «Հանրային ձայն»-ը մասնակցում է, քվորում է լինում, ինչ ուզում անցկացնում են:
Գրիգորյան. - Երեք ամսվա ընթացքում մենք տեսանք տարբեր բաներ հենց «Հանրային ձայն»-ի մեջ ներքաղաքական դաշտում, այսինքն, ավագանիում իրավիճակը կայուն չի: Եթե բժշկական ձևով ասենք, ինքը 5 տարի գտնվելու է այդ կոմային վիճակում, որովհետև կա ձայների նման բաշխվածություն: Դրա միակ լուծումն է՝ կա՛մ նոր ընտրություններ, կա՛մ քաղաքապետի փոփոխություն, որը կունենա կայուն մեծամասնությունը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.