«Հուսով եմ, որ կարդարացնեմ մեր թիմի սպասելիքները». Իրակլի Կոբախիձե

Վրաստան - Իրակլի Կոբախիձեն և Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանք»-ի համագումարից հետո շնորհավորում եմ միմյանց, Թբիլիսի, 1-ը փետրվարի, 2024թ.

Կոբախիձեն ամբողջ համագումարի կողմից է մանդատ ստանում

Վրաստանի պետական օրհներգով երեկ «Պարագրաֆ Թբիլիսի» հյուրանոցում հանդիսավորությամբ բացվեց «Վրացական երազանք» իշխող կուսակցության համագումարը, որը հաստատեց երկու Իրակլիների կադրային փոխատեղումը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստանձնեց կուսակցության ղեկավարումը, կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն առաջադրվեց վարչապետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրակլի Կոբախիձեն առաջադրվեց Վրաստանի վարչապետի թեկնածուԻրակլի Ղարիբաշվիլին ընտրվեց «Վրացական երազանք»-ի նոր նախագահ

Համագումարին ներկա էր կուսակցության հիմնադիր և պատվավոր առաջնորդ, նախկին վարչապետ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին:

«Ես կխնդրեի մեր բոլորիս աջակցությունը հայտնենք վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեին, նրա լեգիտիմության մանդատը տրվում է ամբողջ համագումարի կողմից», - կուսակցության ղեկավար ընտրվելուց հետո ասել է Ղարիբաշվիլին:

Ոչ միայն Ղարիբաշվիլին, այլև Կոբախիձեն և բոլոր մնացած բանախոսներն են իրենց ուղերձներում շնորհակալություն հայտնել Իվանիշվիլիին:

«Վարչապետի պաշտոնը չափազանց պատասխանատու դիրք է, և ես հուսով եմ, որ կկարողանամ պատշաճ կերպով արդարացնել թիմի սպասելիքները: Մենք կանգնած ենք կարևոր մարտահրավերների առաջ, և թիմային միասնությունը նույնպես առանցքային գործոն է», - ասել է Կոբախիձեն:

Նա հիշեցրել է, որ համաձայն «Վրացական երազանք»-ի կանոնադրության՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը վերապահվում է կուսակցության պատվավոր նախագահին, և շնորհակալություն է հայտնել Բիձինա Իվանիշվիլիին և քաղաքական խորհրդի յուրաքանչյուր անդամին՝ իր հանդեպ վստահության և այդ որոշման համար:

Ղարիբաշվիլին չցանկացավ ևս մի քանի ամիս պաշտոնավարել

Կուսակցության ղեկավարումը ստանձնած Ղարիբաշվիլին ասել է, որ ուներ վարչապետի պաշտոնում ևս մի քանի ամիս մնալու հնարավորություն, սակայն որոշել է հիմա ներկայացնել հրաժարականը: Նրա խոսքով՝ թիմում կա ներքին դեմոկրատիա:

Նա բոլորից շատ՝ հինգ տարի է ղեկավարել կառավարությունը որպես «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ: Ղարիբաշվիլին ասել է, որ հպարտանում է իր կառավարության կատարած աշխատանքով և արտաքին ու ներքին ասպարեզներում արձանագրած նվաճումներով, ամբողջ երկրում իրականացված կարևոր բարեփոխումներով:

«Թիմն առաջարկեց երկու տարբերակ՝ աշխատել մինչև ամառ և անել ռոտացիա, կամ այն հիմա անել: Ելնելով կոլեկտիվի դեմոկրատական սկզբունքներից՝ վճռեցի, որ պետք է մյուս լիդերներին ընձեռել իրենց ունակությունները դրսևորելու հնարավորություն: Ինձ անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել բուն կուսակցական գործերին, Կոբախիձեին էլ պետք է կենտրոնանալ կառավարության աշխատանքի վրա», - ասել է Ղարիբաշվիլին:

«Վրացական երազանք»-ի պատվավոր լիդեր Բիձինա Իվանիշվիլին, որին ընդդիմությունը համարում է Վրաստանի իրական ղեկավար, պնդում է, որ Ղարիբաշվիլին ինքն է որոշել կառավարության նստավայրից տեղափոխվել կուսակցության գրասենյակ:

Կառավարությունում նախատեսվում է միայն մեկ փոփոխություն

Կոբախիձեն հայտնել է, որ կառավարության կազմում կլինի մեկ փոփոխություն՝ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին կփոխարինի խորհրդարանի փոխխոսնակ Իրակլի Չիկովանին: Ենթադրվում է, որ Բուրչուլաձեին կվստահեն ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցչի պաշտոնը:

Այլ սանրվածք և փողկապի այլ գույն

Ընդդիմությունը ենթադրում է, որ այս քաղաքական փոխատեղումը որևէ խնդիր չի լուծի: Ընդդիմադիր պատգամավոր Պաատա Մանջղալաձեն հեգնանքով ասել է, թե կփոխվեն սոսկ վարչապետի սանրվածքը և փողկապի գույնը:

«Նշանակություն չունի, թե ով է ինելու Իվանիշվիլիի օգնականը՝ Կոբախիձե՞ն, թե՞ Ղարիբաշվիլին», - ասել է Մանջղալաձեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանում շարունակում են մեկնաբանել Ղարիբաշվիլիի հրաժարականըՂարիբաշվիլին և Կոբախիձեն կփոխանակեն պաշտոնները

Սաակաշվիլին նորից սպառնում է այս վարչակարգին

Հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել ազատազրկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա ֆեյսբուքյան էջում տեղադրվել է «Եվս մեկ ծաղր մեր ժողովրդի նկատմամբ» վերտառությամբ գրությունը:

«Իվանիշվիլին և իշխող թիմն ամբողջությամբ կտրվել են իրականությունից: Վրացիները չունեն երկրում ապրելու տնտեսական հւնարավորություններ, կենսամակարդակը տարիներ շարունակ չի բարձրանում, իսկ Իվանիշվիլիի հարստությունը կրկնապատկվել է: Դատավոր, դատախազ, պատգամավոր, նախարար՝ նրանք ամեն ամիս Իվանիշվիլիից ծրարներով ռոճիկ են ստանում և թքած ունեն ժողովրդի վրա», - գրել է Սաակաշվիլին:

Նա հավաստիացրել է, որ գալիք ընտրություններում ինքը վերջ կտա այս վարչակարգին: Պայքարը ծանր կլինի, բայց պետք է մտածել միայն հաղթանակի մասին: Սաակաշվիլին գրել է, թե շուտով վերջնականապես կհստակեցնի իր տեղն այդ պայքարում:

Կառավարության կազմը կհաստատվի փետրվարի 8-ին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ ասօր Կոբախիձեն խորհրդարանին կներկայացնի իր ծրագիրն ու կառավարության կազմը:

Հաջորդ շաբաթվանից կմեկնարկեն քննարկումները հանձնաժողովներում, և հավանաբար հաջորդ հինգշաբթի՝ փետրվարի 8-ին, լիագումար նիստում քվեարկության կդրվի նոր կառավարության հաստատումը: