Իսրայելական ուժերի հրթիռակոծության հետևանքով այսօր Դամասկոսում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդական Սաիդ Ալիհադդադին։
Սիրիական SANA գործակալությունը, վկայակոչելով զինվորականներին, հայտնում է, որ հրթիռներն, ըստ ամենայնի, արձակվել են Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներից։
Իսրայելական կողմը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է հարվածի փաստը։
Ավելի վաղ Reuters-ը և մի շարք այլ արևմտյան լրատվամիջոցներ, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ Իրանը վերջին օրերին կրճատել է Սիրիայում տեղակայված Պահապանների կորպուսի խորհրդականների թիվը՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածներով պայմանավորված։
Շաբաթասկզբին Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի վրա հարձակման համար, որի հետևանքով ամերիկացի զինծառայողներ են զոհվել և վիրավորվել, Վաշինգտոնը մեղադրել է իրանամետ խմբավորումներին և սպառնացել պատժել մեղավորներին։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ-ն մտադիր է թիրախավորել Սիրիայում և Իրաքում Իրանի ռազմական օբյեկտները։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռական պատասխան կտա նրանց, ովքեր կփորձեն ահաբեկել իրենց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռայիսի. «Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռական պատասխան կտա նրանց, ովքեր կփորձեն մեզ ահաբեկել» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը խոստանում է պատժել ամերիկացի երեք զինվորների մահվան մեղավորներին