«Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռական պատասխան կտա նրանց, ովքեր կփորձեն մեզ ահաբեկել», - հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իրանի նախագահի հայտարարությունը հնչում է Իրաքում և Սիրիայում իրանական թիրախներին ԱՄՆ-ի հնարավոր հարվածների մասին լուրերի ֆոնին:
Շաբաթասկզբին Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի վրա հարձակման համար, որի հետևանքով ամերիկացի զինծառայողներ են զոհվել և վիրավորվել, Վաշինգտոնը մեղադրել է իրանամետ խմբավորումներին և սպառնացել պատժել մեղավորներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը խոստանում է պատժել ամերիկացի երեք զինվորների մահվան մեղավորներինCBS News-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, երեկ հաղորդել է, որ Միացյալ Նահանգները պլանավորում է հարվածներ հասցնել Իրաքում և Սիրիայում գտնվող իրանական ռազմական ներկայությանը:
«Նախկինում, երբ այլ երկրներ ցանկանում էին խոսել իսլամական հանրապետության հետ, նրանք օգտագործում էին սպառնալիքների լեզուն և ահաբեկում ռազմական սցենարով։ Հիմա այլևս նման խոսքեր չեն հնչում, հակառակը՝ բոլորը հավաստիացնում են , թե Իրանի հետ հակամարտություն սկսելու մտադրություն չունեն», - հայտարարել է Ռայիսին:
Նրա խոսքով՝ Թեհրանի ռազմական հզորությունը ոչ թե սպառնալիք է տարածաշրջանի համար, այլ՝ «անվտանգության երաշխիք»։