Կոռուպցիոն չարաշահումների գործով ազատազրկվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ազատազրկվել են նախարարության աշխատակիցներ ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հայտնի է, որ ձերբակալված 7 անձանցից մեկը փոխնախարար Անի Իսպիրյանն է։

«Մեղադրվում է Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին այնպիսի գործողություններ օժանդակելու հարցում, առաջարկություն, խորհուրդներ տրամադրելու, որ իբրև թե այն ընկերությունը, որտեղ ինքն աշխատում է, ինքը շահի այդ մարցույթը: Այսինքն՝ այդ գործողությունների խնդիրն է սխալ մեկնաբանվել, ու Անի Գևորգյանը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք մտել են իր գործառույթային պարտականությունների մեջ», - ասաց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Գևորգյանի պաշտպանն ասաց, թե պատրաստվում են բողոքարկել որոշումը։ Պնդում են՝ դատարանը հաշվի չի առել մեղմացուցիչ հանգամանքները. - «Անտեսվել են մի շարք կարևորագույն հանգամանքներ, այդ թվում՝ մեղմացուցիչ հանգամանքները, 2 և 4 տարեկան մանկահասակ երեխաների առկայությունը, նախկինում դատապարտված չլինելը և մյուս կարևորագույն հանգամանքները»:

Ըստ նախաքննության, գործը վերաբերում է պետական մրցույթի, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակը ապահովելու համար նախարարության աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել հաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։ Թեև, ըստ Քննչականի, հնարավոր էր այդ ծառայության համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարության մրցութային հանձնաժողովը, նախապատվություն է տվել դրանից մոտ 300 միլիոն դրամ ավելի բարձր գին առաջարկած ընկերությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ է ձերբակալվել. ՔԿՔննչական կոմիտեն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալությունը

Քննիչները հաղթողի անունը չեն նշում, սակայն, «Ազատություն»-ը Պետգնումների կայքում գտավ այս մրցույթի պատմությունը, ըստ որի կասկածելի պայմանագիրը կնքվել է «Սիներջի» ընկերության հետ՝ անցած տարվա կեսին։ Նախարարության պաշտոնյաների հետ հանդիպումներում, ըստ պաշտոնական փաստաթղթերից մեկի, ընկերությունը ներկայացրել է Անի Գևորգյանը, ով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։ Նա, ըստ փաստաբանի, արդեն մեկ տարի է՝ չի աշխատում «Սիներջի» ընկերությունում։

Կալանավորվածների մեջ է նաև «Սիներջի» ընկերության ղեկավարներից մեկը։

Հատկանշական է, սակայն, որ պարտվող «Հարմոնիա» ընկերությունն այս մրցույթի արդյունքի հետ չէր հաշտվել և անցած հունիսին դեռ դիմել էր դատարան։ Ընկերությունից հրաժարվեցին այսօր մեկնաբանություն տալ «Ազատության»-ը, սակայն, դատարանում, արձանագրության, ընկերության ներկայացուցիչը փաստարկել է, որ նախարարությունը մրցույթի երկրորդ փուլում փոխել է պայմանները՝ սահմանելով մասնակցության նոր ու խտրական պահանջներ, ինչի արդյունքում իրենք դուրս են մնացել։ Դատարանն ի վերջո նրանց բողոքը բավարարել է՝ պարտավորեցնելով նախարարությանը նոր մրցույթ անցկացնել, որտեղ արդեն «Սիներջի»-ն պարտվել է։ Այս պատմությունը փաստացի ավարտվել է անցած տարվա օգոստոսին։ Քննչական կոմիտեն, սակայն հիմա՝ կես տարի անց է գործ հարուցել։ Մրցութային հանձնաժողովի ղեկավար, փոխնախարար Անի Իսպիրյանն այս ընթացքում շարունակել է մնալ իր պաշտոնում։

Նրա վերադասը՝ էկոնոմիկայի նախարարը այսօր էլ պնդեց, թե աշխատակիցների անմեղությանը չի կասկածում։

«Տենդերային գործընթացը եղել է անընդհատ մյուս գործընկերների, այդ թվում՝ Ֆինանսների նախարարության վերահսկողության տակ, և մենք ավելի քան վստահ ենք, որ դատարանով էլ կամ քննությամբ էլ կպարզվի, որ գնումների մասին օրենքներ ի հետ որևէ խախտում չի լինի», - նշեց Վահան Քերոբյանը։

«Սիներջի»-ն հրաժարվում է հարցազրույցից, ընկերությունը միայն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե «այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի ընկերությունը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի մոտ ապագայում»։