«Մենք քաղաքացու ու պետություն միջև ճեղք ունենք», - այսօր Հանրային ռադիոյի եթերում խոսելով նոր Սահմանադրություն ունենալու մասին՝ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք քաղաքացի-պետություն միջև ճեղք ունենք, ինչո՞վ է արտահայտվում այդ ճեղքը, այդ ճեղքն արտահայտվում է լեգիտիմությամբ որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995 թվականին ու մի քանի անգամ փոփոխվել է, երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի քվեարկեցի ու ընդունեցի Սահմանադրություն: Այսինքն ես գնացի ու արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների ու պետության հետ, որ մենք հարաբերվում ենք ու ապրում ենք այսպես», - նշեց վարչապետը:
Հարցին՝ գործող Սահմանադրության խութերն են, որ պետություն-հասարակություն ճեղքը լրացնելու խնդիր է հանդիսանում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Օրգանիկ կապը ժողովրդի հետ ոչ միայն արտահայտվում է նրանով, որ մենք պետք է քննարկենք, բոլոր նրբությունները հասկանանք, բոլոր ձևակերպումները հանենք: Սահմանադրության տեքստը մեծ մասամբ ավելի շատ մասնագիտական քննարկման, ձևակերպումների խնդիր է՝ քաղաքական ուղենիշները սպասարկելու համար, բայց պետության հետ գենետիկ կապը, ժողովրդի հետ գենետիկ կապը ձևավորվում է այն պահից, երբ ժողովուրդն ընդունում է, հաստատում է այդ պայմանը, առաջինն արձանագրում է, որ ինքը պետական ժողովուրդ է և արձանագրում է, որ այս պետության սահմաններում իրար հետ մենք հարաբերվելու ենք այս կանոններով»:
Վարչապետն ընդգծեց, որ իր ընկալմամբ՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է ժողովրդի և պետության միջև եղած ճեղքը լրացնելու գենետիկ կապով: «Մեր հանրային ընկալումն այն է, որ մեր ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել», - հավելեց նա:
Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Փաշինյանը խոսեց հունվարի 19-ին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների. վարչապետ«Պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն»
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ազգային անվտանգության ռազմավարությունը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան և «պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն»։
«Ազգային անվտանգության մեր նոր ռազմավարությունը պետք է արտահայտի այդ իմ ասած բովանդակությունը, արտահայտի պետության լեգիտիմ տարածքային ամբողջականության շրջանակները և շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ», - նշեց Փաշինյանը: