ԵՄ-ը հաստատեց Ուկրաինային 50 մլրդ եվրո տրամադրելու որոշումը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Բրյուսել, 1-ը փետրվարի, 2024թ.

«Մենք գիտենք՝ որքան բարձր է խաղադրույքը»

Եվրոպական միության գագաթնաժողովը հաստատեց Ուկրաինային չորս տարվա կտրվածքով 50 միլիարդ եվրոյի բյուջետային օգնության փաթեթը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն X-ում հայտնել է, որ միության բոլոր լիդերները միաձայն են հավանություն տվել որոշմանը, «և այն կերաշխավորի Ուկրաինայի կայուն, երկարատև և կանխատեսելի ֆինանսավորումը»:

«ԵՄ-ն առաջնորդություն և պատասխանատվություն է ստանձնում՝ աջակցելով Ուկրաինային, մենք գիտենք՝ որքան բարձր է խաղադրույքը», - գրել է Միշելը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության առաջնորդները հաստատեցին 50 միլիարդ եվրո օգնության տրամադրումը Ուկրաինային

Եվրամիության ղեկավարներից միակը, ով չի էլ թաքցնում բացասական վերաբերմունքը Կիևին սատարելու գործում, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է: Նա բազմիցս է հայտարարել, թե Ուկրաինան չպետք է անդամակցի Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին և փոխարենը պետք է զիջումների ճանապարհով խաղաղություն հաստատի Ռուսաստանի հետ:

Եվրամիությունում Օրբանն ունի ոչ միայն ազգայնական ամբոխավար գործչի, այլև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամի համբավ: Որոշումը հաստատելու համար անհրաժեշտ է Եվրոպական միության բոլոր 27 անդամ-երկրների ղեկավարների համաձայնությունը:

2023-ի դեկտեմբերին Օրբանն արգելափակել էր փաթեթը և այսօրվա գագաթնաժողովից առաջ էլ պնդել էր, թե նույնը կանի: Հենց առավոտյան նա Բրյուսելում հանդիպել է բողոքի ակցիաներ կազմակերպող ֆերմերների հետ ու գանգատվել, թե Եվրոպան իր ժողովուրդների ձայնը չի լսում, ուստի Եվրոպային նոր լիդերներ են պետք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինային օգնության «Պլան Բ» գոյություն չունի․ Լեհաստանի վարչապետ

«Անհրաժեշտ է նոր Եվրախորհրդարան»

«Եվրոպական սխալ է, որ մարդկանց ձայնին ականջ չեն դնում: Ղեկավարները դրանք չեն լսում: Կարող ենք խոսել միգրացիայի, պատերազմի կամ Ուկրաինայի մասին: Բայց փողոցի մարդկանց ղեկավարները լուրջ չեն ընդունում: Սա ժողովրդավարական դեֆիցիտ է: Հունիսին կայանալու են եվրոպական ընտրություններ: Մեզ անհրաժեշտ է նոր Եվրախորհրդարան: Մենք պետք է գտնենք նոր առաջնորդների, ովքեր իսկապես կներկայացնեն ժողովրդին: Դա է միակ ելքը», - ասել է Օրբանը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը և ընդգծել է, որ շարունակական ֆինանսական աջակցությունը կխթանի երկրի երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական կայունությունը, որը «ոչ պակաս կարևոր է, քան ռազմական օգնությունը և պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա»:

«ԵՄ-ն ապացուցեց, որ իր խոսքի տերն է»

«Անցած անգամ, երբ գումարվեց Եվրոպական խորհրդի նիստը, Եվրոպայի վստահելիությունն էր հայտնվել կասկածի տակ: Այսօր մենք բոլորս միասին կարողացանք վերականգնել այդ վստահելիությունը: Եվրամիությունն ապացուցեց, որ իր խոսքի տերն է, և պարտավորվեց աշխատել հանուն ամբողջ Եվրոպայի շահերի», - ասել է Զելենսկին:

Մեցոլան գովեստով է խոսում ԵՄ ղեկավարների մասին

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի փոխանցմամբ, հարցը լուծվեց ԵՄ անդամ երկրների ղեկավարների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

«Պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ այսօր լավ օր է Եվրոպայի համար, շաբաթներ շարունակ մեր ուկրաինացի ընկերներն անհանգստացել են, թե արդյո՞ք մենք կհասնենք համաձայնության, և այն, որ դա այսքան արագ է ձեռք բերվել, մեր լիդերների կատարած աշխատանքի շնորհիվ է, դրա արդյունքում է համաձայնեցվել բոլոր 27 երկրների հավանությունը պահանջող բանաձևը», - ասել է Մեցոլան:

Ինչո՞ւ Օրբանը չկիրառեց վետո

Հունգարիայի վարչապետը վետոյի չի դիմել, ուրեմն ինչպե՞ս են նրան համոզել Եվրոպայի մյուս ղեկավարները:

Ըստ Reuters-ի՝ այսօրվա գագաթնաժողովի նախօրեին ԵՄ-ի շրջանակներում ճնշում է գործադրվել Հունգարիայի վրա, որպեսզի Բուդապեշտը հրաժարվի առարկություններից:

Օրբանին ասել են, որ նա պետք է վճռի, թե կողմերից որ մեկին է սատարում գոյաբանական այնպիսի պայքարում, ինչպիսին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն է:

Միաժամանակ, Reuters-ը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, հայտնել է, որ Բրյուսելն, իր հերթին, ընդունել է Օրբանի պահանջներից մեկը, և Կիևին չորս տարով վճարումները ոչ թե մեխանիկորեն կփոխանցվեն, այլ Եվրամիության ղեկավարներն ամեն տարի պետք է հարցը վերագնահատեն և վերահաստատեն:

Դրա շնորհիվ Բրյուսելը կվերահսկի Կիևի ստանձնած պարտավորությունների կատարումը: