Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ է ձերբակալվել. ՔԿ

Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդում է կառույցի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վարույթներով ՔԿ քննիչների և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների մասին:

Ըստ այդմ՝ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այնուհետև ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները», - ասված է ՔԿ հաղորդագրությունում:

Նախաքննությամբ պարզվել է, մասնավորապես, որ «Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից»: «Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը», - ասված է հաղորդագրությունում:

Նշված քրեական վարույթի շրջանակում ՔԿ և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 6 անձ:

Մյուս քրեական վարույթով, որի նախաքննությունն իրականացվում է ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, «փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորոշիչներին»։ «Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է», - շարունակում է Քննչականը:

Այս քրեական վարույթով ՔԿ և ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում նշված պաշտոնատար անձը, որի ինքնությունը չի հրապարակվում, ձերբակալվել է:

Երկու քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

Իրավապահներն այսօր Էկոնոմիկայի նախարարության իր աշխատասենյակից տարել են երեկ աշխատանքից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանին: ՔԿ խոսնակը ժամեր առաջ հաստատեց, որ կան մի քանի ձերբակալվածներ՝ առանց անուններ հստակեցնելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քննչական կոմիտեն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալությունը