Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը

Մհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաև

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների նիստը, «Ազատության»-ը փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։

Նույն այս հատվածում հանձնաժողովները հանդիպել էին նաև 2023-ի նոյեմբերի 30-ին։

Թե ինչ ակնկալինքեր ունի Երևանն այս հանդիպումից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Չեխիայի Ազգային ժողովի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց՝ հստակության ակնկալիքներ ունեն։

«Որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու ինչպես արդեն իսկ հայտարարվել է՝ մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում ՀՀ-Ադրբեջան սահմանը»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է այս ամիս և «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»։

Մհեր Գրիգորյանն էլ «Ազատությանն» ասել էր, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հաջորդ հանդիպմանը կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել, մեկը՝ Երասխի հատվածում, 2-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։

Փաշինյանի և Ալիևի 2022-ի մայիսին տեղի ունեցած բրյուսելյան բանակցություններից հետո հայտարարվեց Հայաստանում և Ադրբեջանում սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մեկ օր անց Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին հանձնաժողովների կազմը։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։