Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը, «Ազատության»-ը հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Փոխվարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ այս հանդիպումն էլ տեղի կունենա նույն վայրում։

Փոխվարչապետ Գրիգորյանը երկու շաբաթ առաջ «Ազատությանն» ասել էր, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մինչդեռ, ավելի վաղ պնդել էր, թե հանձնաժողովների սպասվող հանդիպման «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջորդ հանդիպմանը կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները․ Մհեր Գրիգորյան