ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանն ու Ռիտերն անդրադարձել են Եվրոպական խորհրդի որոշմանը՝ ավելացնելու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անձնակազմի թվաքանակը: Զրուցակիցներն ընդգծել են, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից:

Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։

Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Այդուհանդերձ Եվրամիության արտգործնախարարները 2023-ի նոյեմբերին հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Դեկտեմբերի վերջին ԵՄ-ն դիտորդների թիվը՝ 138-ից հասցրեց 209-ի: Առաքելությունը ողջունել է ԵՄ խորհրդի այս որոշումը՝ շեշտելով՝ առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը ԵՄ հանձնառությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացմանը