Ինչո՞ւ է Բաքուն կոշտ արձագանքում ականների մասին նոր տվյալներ փոխանցելու Հայաստանի առաջարկին

Արխիվային լուսանկար

Բաքուն կոշտ է արձագանքել ականապատ դաշտերի 8 նոր քարտեզների ի հայտ գալու և դրանք առաջիկայում Ադրբեջանին փոխանցելու Հայաստանի պատրաստակամությանը։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ երեկոյան տեղեկացրեց, թե ականների մասին նոր տեղեկամատյաններն ի հայտ են եկել Լեռնային Ղարաբաղի զինծառայողների շրջանում վերջերս անցկացված հարցումների արդյունքում։

«Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո և ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ԱԱԾ-ն վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ», - ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին. ԱԱԾ

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մինչդեռ, Հայաստանի այս քայլն ամենևին կառուցողական չի համարել։

«Հայաստանի այս հայտարարությունը վկայում է, որ այդ երկիրը նպատակ չունի ներդրում ունենալ հումանիտար գործընթացում, և այս քայլը չի կարելի գնահատել որպես փոխվստահության կառուցման գործիք։ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը ներկայացնի բոլոր ականապատ տարածքների կոնկրետ քարտեզները», - ասված է պաշտոնական Բաքվի հայտարարությունում:

Այնինչ Հայաստանի ԱԱԾ-ից վստահեցնում են՝ նախկինում մի քանի անգամ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ, և Երևանի տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Բաքվից ի պատասխան հակադարձում են՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, միջազգային ճնշման ներքո Հայաստանի ներկայացրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է. այդ քարտեզներն անարդյունավետ են, թերի և տեղում ճշգրիտ չեն ներկայացնում իրական պատկերը: «Թեև այս քարտեզները ցույց են տալիս, որ մեր տարածքներում իբր տեղակայվել է ընդամենը 400 հազար ական, սակայն ականների իրական թիվը գերազանցում է մեկ միլիոնը», - ասված է հայտարարությունում:

Պնդելով, թե Հայաստանի ներկայացրած քարտեզները ոչ ճշգրիտ են, Բաքվից ընդգծում են՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ակնկալում է, որ «Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները»

Ի դեպ, ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունից ուղիղ երկու օր առաջ ականների թեմային էր անդրադարձել Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանն ասել էր, թե Հայաստանը երկու անգամ ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, տարօրինակ որակելով Բաքվի բողոքներն այն մասին, թե քարտեզները ճշգրիտ չեն։ Միևնույն ժամանակ, Միրզոյանը շեշտել էր, թե երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում հնարավոր կլինի վերականգնել հավաստի տեղեկություն։

«Իմ տեղեկությունների համաձայն՝ այժմ համապատասխան հայկական մարմիններն աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել նոր տեղեկատվություն հնարավոր նոր ականների վերաբերյալ, և չեմ բացառում, որ եթե համապատասխան երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում և վստահության ամրապնդման քայլերի դեպքում իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվություն, չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին», - ասել էր արտգործնախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ Հայաստանը պարտավորություններ չի ստանձնել. Արարատ Միրզոյան

Թե Ադրբեջանի հետ կառուցողական որ մոտեցումների և վստահության ամրապնդման ինչ քայլերի արդյունքում է Հայաստանը պատրաստվում Ադրբեջանին փոխանցել նոր ի հայտ եկած ականների վերաբերյալ քարտեզները, պարզ չէ։

Իշխող ՔՊ-ի պատգամավորները հրաժարվեցին արձագանքել Բաքվի կոշտ քննադատությանը

Ինչո՞ւ է Բաքուն կոշտ արձագանքում ականների մասին նոր տվյալներ տրամադրելու Հայաստանի առաջարկին, ի վերջո, Ադրբեջանը պարբերաբար կոչ է անում միջազգային հանրությանը ճնշումներ բանեցել Հայաստանի վրա այս հարցում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր ամբողջ օրվա ընթացքում տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին գնահատականներ տալուց:

Բաքուն ցույց է տալիս, որ ականների մասին նոր տվյալների դիմաց Հայաստանի ոչինչ չի տալու. Աբրահամյան

ԱԺ »Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան, արխիվ

Մինչդեռ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանն իր կոշտ պատասխանով Հայաստանից նոր զիջումներ ստամալու համար դաշտ է բացում, միաժամանակ ցույց տալով, որ ականների մասին նոր տվյալների դիմաց Հայաստանին ոչինչ չի տալու։

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը, փորձելով ցույց տալ, որ սա այն իր սպասածը չէր, ինչ որ կարող էր Հայաստանի իշխանությունը իրենց ներկայացնել, և սա նաև անում է նրա համար, որպեսզի Հայաստանի իշխանությունը իր մտքում նույնիսկ չունենա, որ սրա դիմաց Ադրբեջանը պատրաստ է այլ բան զիջելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:

«Այդ ի՞նչ նոր քարտեզներ են, որ Հայաստանն իբր չուներ և միայն արցախցիների միջոցով ի հայտ բերեցին»

Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ Հայաստանի ԱԱԾ-ի հայտարարությունը մանիպուլյացիա է որակում, հարցնելով, թե այդ ի՞նչ քարտեզներ են, որոնք Հայաստանն իբր չուներ, և արցախցիների միջոցով դրանք կարողացան ի հայտ բերել:

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյան, արխիվ

«Դա է հերթական մանիպուլյացիան՝ մեր ժողովրդին իրականությունը չասել, որ մեզ պարտադրում են ականների քարտեզները տրամադրել: Իսկ քանի որ նրանք արդեն իսկ հայտարարել էին, որ բոլոր քարտեզները տրամադրել են, սա հերթական պատճառն է, որ նույնպես մեղքը բարդեն արցախցիների վրա, թե իբր արցախցիները քարտեզներ էին թաքցրել, Հայաստանի պաշտպանության բանակին կամ համապատասխան ստորաբաժանումներին չեն տվել, դրա համար հիմա է ի հայտ եկել՝ հիմա են տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը:

Արցախցի պատգամավորն ընդգծում է՝ Հայաստանի, ապա դրան հետևած Բաքվի կոշտ հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանը գնում է հերթական զիջման՝ դիմացը ոչինչ չստանալով: Մինչդեռ նոր քարտեզների մասին խոսելուց առաջ, ըստ նրա, պետք էր բարձրացվեր գերիների վերադարձի հարցը:

«Պետք է նաև հայտարարեին, որ սա տրամադրվում է, ասենք, մեր ռազմաքաղաքական էլիտային, կամ գերիներին բաց թողնելու, կամ որոշ մասին բաց թողնելու նախապայմանով, կամ ինչ-ինչ պայմաններով», - կարծում է Դավիթ Գալստյանը:

Ի դեպ, Ադրբեջանի արտգործնախարարությունն ականների մասին ճշգրիտ քարտեզների իր պահանջին զուգահեռ այսօր Երևանին ևս մի պահանջել է ներկայացրել՝ «հրատապ միջոցներ ձեռնարկել 4 հազար անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի և վերջին 30 տարվա ընթացքում ադրբեջանցիների գերեզմանների տեղի մասին տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ»։