Պեսկով․ «Շվեդիայի վերաբերյալ Թուրքիայի որոշումն այդ երկրի ինքնիշխան իրավունքն է»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացումն այդ երկրի ինքնիշխան իրավունքն է։ Այսօր այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Դա Թուրքիայի խորհրդարանի որոշումն է։ Ի վերջո, Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, դա անհերքելի փաստ է։ Այդ երկիրը դաշինքի անդամների հանդեպ իր պարտավորություններն ունի, այնպես որ այս որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է», - հայտարարել է Պեսկովը։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը քվեարկության էր դրել երեքշաբթի երեկոյան։ Թուրք պատգամավորներից 287-ը կողմ են արտահայտվել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը, 55-ը՝ դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը