Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցություն Հայաստանին, փոխանցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ վկայակոչելով՝ Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի՝ դիվանագիտական կորպուսին հղած ուղերձը։
Ըստ դեսպանի՝ Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ պետք է ձգտել արդար և տևական խաղաղության՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը և պետք է ապահովել բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը:
Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին՝ հայտարարելով կատարված «պատմական ընտրության» մասին։
«Բալկանները, Հայաստանը [...] գրավել են մեր ուշադրությունը և հանգեցրել մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական ընտրություններ կատարելուն՝ հատկապես ինչ վերաբերում է Հայաստանին», - ասել է Մակրոնը՝ առանց մանրամասնելու։
2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը, մասնավորապես, GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ մատակարարեց։
Այս համագործակցությունը հարուցեց Ադրբեջանի և Ռուսաստանի դժգոհությունը և է՛լ ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Բաքվի և Փարիզի միջև։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»