Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան

«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից երաշխիքներ ենք ուզում փոխադարձաբար, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ ու միտումներ չունենք, որովհետև դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների որոշակի, եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ է տեսնում», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ տեսական մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը հնարավոր է, «որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են փոխադարձաբար ապագայում նույնպես այդպիսի տարածքային պահանջներ չներկայացնել»:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել համաձայնություն, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:

«Ըստ էության քառակողմ հայտարարություն է ընդունվել, որն Ադրբեջանը նույնպես ընդունել է, նաև այս է պատճառը, որ մենք ասում ենք և դա ակնհայտ է, որ դելիմիտացիայի գործընթացը սահմաններ չպետք է ստեղծի, այլ փաստաթղթային կերպով ու նաև գետնի վրա վերարտադրվի այն սահմանը, որը գոյություն է ունեցել 1991 թվականին, կամ Խորհրդային Միության հանրապետությունների միջև որպես ադմինիստրատիվ սահման», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ունեն միջազգայնորեն ճանաչված տարածքներ, վարչապետը նշեց. - «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է: Եվ երբ որ մենք կանգնում ենք այս միջազգայնորեն ճանաչված տարածքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության անվտանգության պաշտպանության դիրքերում, մենք կանգնում ենք լեգիտիմ հիմքերի վրա, ինչը պետք է պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում ապահովի, լրացուցիչ գործոն դառնա նաև մեր անվտանգության համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ». ՓաշինյանԵթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի. Ալիև