Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը մեղադրել է Իսրայելին Պաղեստինի «Ֆաթհ»-ի իշխանությունը թուլացնելու նպատակով «Համաս» կառույցը ֆինանսավորելու մեջ:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել: «Ֆաթհ»-ը (Fatah) Պաղեստինի ազատագրության առաջնորդ, հանգուցյալ Յասիր Արաֆաթի հիմնադրած քաղաքական դաշինքն է, որը կառավարում է Պաղեստինի ինքնավարության տարածքում:
Ըստ Euronews-ի, այդ մասին Բորելն ասել է իր ելույթում, որով հանդես է եկել Վայադոլիդի համալսարանում՝ պատվավոր դոկտորի կոչումը ստանալու արարողությունից հետո:
Բորելը նաև մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու ցանկացած փորձ «անձնապես ձախողելու» համար:
«Վատ նորությունն այն է, որ Իսրայելը, մասնավորապես նրա կառավարությունը, ամբողջապես հրաժարվում է երկու պետությունների համակեցության հայեցակարգից, և Նեթանյահուն երեկ նորից է դա պնդել»,- ասել է Բորելը։
Երեկ Իսրայելի վարչապետն ասել է, թե դեմ է Պաղեստինի պետության ստեղծմանը, նշելով, որ իր դիրքորոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի ղեկավարներին: Պաշտոնական Վաշինգտոնը սատարում է երկու պետությունների խաղաղ համակեցության գաղափարը:
ԵՄ բարձր ներկայացուցիչը Վայադոլիդում կարծիք է հայտնել, որ երկու պետությունների լուծումը «պետք է պարտադրվի դրսից՝ խաղաղություն հաստատելու համար»։
«Ես պնդում եմ, որ Իսրայելը, շարունակելով մերժել այդ լուծումը, այնքան հեռու է գնացել, որ «Համաս»-ն է ֆինանսավորել, այդպես փորձելով թուլացնել «Ֆաթհ»-ի ղեկավարած Պաղեստինի ինքնավարությունը»,- հայտարարել է Ժոզեպ Բորելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե դեմ է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը