«Դու մեր խիղճն էիր, ախպարիկ, ամեն հունվարի 19-ին դու վերածնվում ես մեր մեջ». Դինքի սպանության 17-րդ տարելիցն է

17 տարի առաջ թիկունքին արձակված կրակոցից իր խմբագրատան առջև ընկավ «Թուրքիայի խիղճը»։

«Մենք այստեղ ենք, ախպերիկ», «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք»,- կոչերով ու արդարության պահանջով այսօր Ստամբուլում՝ «Սեբաթ» շենքի առջև ոգեկոչել են գրող, լրագրող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին։

Իր ոգեկոչման ելույթում թուրք գրող, սոցիոլոգ Օյա Բայդարն ընդգծեց. «Մենք հիմա ավելի ենք գիտակցում, որ քո վրա արձակված գնդակը արձակվել է այս երկրի ժողովրդի ու խաղաղության վրա»։

«17 տարի առաջ այստեղ՝ այս դռան առաջ, ինչպես հարգարժան Ռաքելն է ասում՝ «խավարը, որ մանուկներից մարդասպան է սարքում», սպանեց Թուրքիայի խիղճը։

Մարդիկ կան, ովքեր յուրահատուկ են, նրանք մարմնավորում են իրենց դարաշրջանի, հողի ու ժողովրդի արժեքները։ Հրանտն այդպիսինն էր։ Նա խաղաղության լեզվով էր բղավում ռասիստների, ազգայնականների դեմ, որ մարդկանց թշնամի էին սարքել։ Նա տաբուները կոտրող էր, և մենք գիտենք, որ խավարում բույն դրած ուժերը վախենում էին տաբուները խախտվելուց, վախենում էին, որ իրենց ստերը կբացահայտվեն, որ իրենց մութ դեմքերը կերևան։ Ահա թե ինչու նրանք կրակեցին Հրանտին», - ասաց Օյա Բայդարը։

«Նա ոչ թե բազե էր, այլ աղավնի։ Նա սխալվեց, երբ ասաց, թե իրեն վախեցած աղավնու պես է զգում, բայց վստահ է, որ այս երկրի մարդիկ չեն վնասի աղավնուն։ Եթե նա լիներ բազե կամ ագրեսիվ մարդ, բռնությամբ ու զենքով պաշտպաներ ժողովուրդների միասնությունն ու եղբայրությունը, չէր դառնա թիրախ։ Նրանք լռեցրին աղավնուն, որ քարոզում էր «խաղաղություն՝ առանց եթեների ու բայցերի», - շարունակեց իր ելույթը թուրք գրողը։

Որպես այս երկրի ամենաազնիվ, ամենաթանկ և ամենապատվավոր զավակ, դու հիմա հանգչում ես այնտեղ, որտեղ քո արմատներն են, ընդգծեց նա. - «Այս երկրի բոլոր ժողովուրդների՝ թուրքեր, քրդեր, հայեր, հույներ, հրեաներ, լազեր, չերքեզներ, արաբներ, եզդիներ, ասորիներ, բոլորիս արմատները խառնված ու միահյուսված են մեր հողի խորքերում։ Ահա թե ինչու մենք ամեն տարի հանդիպում ենք այստեղ՝ ընդդեմ ռասիստների, ֆաշիստների և նրանց, ովքեր փորձում են մեզ պառակտել և թշնամի դարձնել, ահա թե ինչու ենք բղավում՝ դու մեր եղբայրն ես, Հրանտ, դրա համար ենք մենք ասում՝ բոլորս հայ ենք։ Ցավոք, ես քեզ համար լավ նորություն չունեմ, ախպարիկ։ Մեր երկրի գլխին ընկած խավարը սաստկանում է տարեցտարի։

Մարդկային արժեքները, հանուն որոնց դու զոհվել ես, բախվում են ազգայնական խմբերի հարձակմանը։ Նրանք, ովքեր ղեկավարում են երկիրը, ամրապնդում են իրենց իշխանությունը՝ ժողովրդին միմյանց դեմ հանելով։ Մենք հիմա ավելի ենք գիտակցում, որ քո վրա արձակված գնդակը արձակվել է այս երկրի ժողովրդի ու խաղաղության վրա։

Դու մեր խիղճն էիր, ախպարիկ։ Ամեն ինչ ու բոլորին կարելի է սպանել, բայց խիղճը, բարությունը քաջությունը սպանելն անկարելի է։ Ահա թե ինչու դու բոլորիս մեջ վերածնվում ես ամեն հունվարի 19-ին արդեն 17 տարի», - ասաց նա։