Ռուսաստանյան Բաշկորտոստանում կրքերը չեն հանդարտվում. չնայած ոստիկանների նախազգուշացումներին՝ այսօր մայրաքաղաք Ուֆայում հարյուրավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելու ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով անցած օրերին չորս տարվա ազատազրկման դատապարտված բնապահպան ակտիվիստ Ֆաիլ Ալսինովին։
Չորեքշաբթի օրը ոստիկանական կոշտ դիմադրության բախված ցուցարարները, սակայն, այսօր այլ մարտավարություն էին ընտրել․ Ուֆայի գլխավոր հրապարակում նրանք հավաքվել և զբոսնում էին, ապա բաշկիրերենով երգում, շուրջպար բռնում։ Առաջին հայացքից ապաքաղաքական այս ակցիային ոստիկանական մեծաթիվ ուժեր էին հետևում և առաջին իսկ րոպեներից բերման ենթարկում ակտիվիստներին։
Ձերբակալվածների վերջնական թիվը հստակ չէ, տեղից տարածվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները փորձում խոչընդոտել ցուցարարներին տեղափոխող ոստիկանական մեքենաների տեղաշարժին։
Իրավիճակը Ռուսաստանի Դաշնությանը մաս կազմող այս հանրապետությունում կտրուկ սրվել է չորեքշաբթի օրը, երբ դատարանը հրապարակեց հայտնի բնապահպան ակտիվիստ Ֆաիլ Ալսինովի դատավճիռը։ 37-ամյա Ալսինովի պայքարի արդյունքում անցած տարիներին իշխանություններն ստիպված նահանջեցին՝ հրաժարվելով Կուշտաու սարի հանքարդյունաբերական ծրագրից․ ակտիվիստների ճնշման շնորհիվ տեղացիների համար սուրբ համարվող այդ սարը հետագայում էլ ներառվեց հատուկ պահպանվող տարածքների ցանկում։
Բաշկորտոստանի իշխանությունների քննադատների համոզմամբ` Ալսինովի ազատազրկումը իշխանությունների վրեժխնդրությունն է Կուշատու սարի համար, որը կարող էր խոշոր եկամուտների աղբյուր դառնալ իշխող վերնախավի և մասնավոր բիզնեսների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բողոքի ակցիա Բաշկիրիայում, կան ձերբակալվածներԲաշկիրիայում ուժայինները բիրտ ուժի կիրառմամբ ցրում են բողոքի ցույցը, կան տուժածներԻ պաշտպանություն բնապահպան ակտիվիստի փողոց դուրս եկած ցուցարարներին ոստիկանությունն աննախադեպ դիմադրություն ցույց տվեց։ Վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանում հազվագյուտ այս հավաքը ցրելու համար ուժայինները ռետինե փամփուշտներ, մահակներ, արցունքաբեր գազ կիրառեցին, որի հետևանքով տասնյակ անձինք վնասվածքներ են ստացել, շուրջ քսան մարդ էլ ձերբակալվել, ապա վարչական կալանքի է ենթարկվել։
Բաշկորտոստանի ղեկավար Ռադիյ Խաբիրովը, ում հայցադիմումի հիման վրա էլ ազատազրկման է դատապարտվել լեռան պաշտպանը, նախօրեին մեկնաբանելով զանգվածային բողոքի ցույցերը, պնդել է, թե ակտիվիստներն, իբր, «Բաշկորտոստանը Ռուսաստանից անջատելու և պարտիզանական պատերազմի կոչեր են անում»։
Մինչդեռ, իրականում, ինչպես նշում է «Ազատության» «Քարընթ Թայմ» հեռուստանախագիծը, վկայակոչելով ցույցի մասնակիցներին, հավաքի վերջին օրերի ընթացքում նման պահանջ կամ կոչ չի հնչել, փոխարենը ցուցարարները դատապարտող հայտարարություններ են արել հենց Խաբիրովի և նրա ենթակաների հասցեին։
Ռուսաստանի բնակչությամբ ամենամեծ այս հանրապետությունում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիան, ինչպես և ենթադրվում էր՝ երկու ամսից վերընտրվել պատրաստվող Պուտինի աշխատակազմի աչքից չվրիպեց։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, այդուհանդերձ, խուսափեց կշիռ տալ մարդաշատ ակցիային՝ պնդելով, թե այնտեղ զանգվածային բողոքի ցույցեր չկան:
«Կան առանձին դրսևորումներ, որոնք տեղական իշխանությունների և իրավապահ համակարգի իրավասության շրջանակներում են», - ասել է Պեսկովը: