Այսօր առավոտյան Սյունիքի Արավուս գյուղի սահմանից ադրբեջանցիները տարել են Արմեն Ջահանգիրյանի շուրջ 260 գլուխ ոչխարները։
«400 հատից մնացել են 130-ը, մի հինգ հոգով եկել են, հարձակվել վրան, նա էլ ինչ կարացել է, հետ է տվել։ Ինքը որ ձին քշել է, էդ ոչխարներն են հետ եկել... իրենք՝ 5 հոգի, երեխան՝ մենակ, ի՞նչ պիտի աներ», - «Ազատությանը» պատմեց նա։
Արավուսցի անասնապահն ասաց՝ իր 16-ամյա որդին է ոչխարի հոտը արոտավայր տանելիս եղել, ամենօրյա ճանապարհով. - «Երկու ամիս ավելի է՝ այդ նույն տարածքում, ամեն օր այդտեղով գնում, գալիս է, ամեն օր»։
Ադրբեջանցի 5 զինվորականներ զենքով մտել են հոտի մեջ, Արմեն Ջահանգիրյանը պնդում է՝ ոչխարները սահման չեն անցել, ադրբեջանցիներն են անցել։
«Արավուսի տարածքն է, բա ի՞նչ է, իրենց նույն քարտեզով, ամեն ինչով Արավուսի տարածքն է», - շեշտեց նա։
Մեծ բարեբախտություն է, որ որդին ձիով է եղել, արագ հեռացել է՝ իր հետ փրկելով մի քանի տասնյակ գլուխ ոչխարների։
Պաշտպանության նախարարությունից չեն հաստատում, թե ադրբեջանցիներն իրենք են հայկական տարածք մտել։ Ավելին՝ վստահեցնում են՝ որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ տեղի չի ունեցել։ Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը խաղաղապահներին է փոխանցել մոլորված սյունեցուն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը ադրբեջանցիները կրակոցներ են արձակել Սյունիքի Արավուս գյուղի ուղղությամբ, ահազանգում է օմբուդսմենըՏեղ խոշորացված համայնքի Արավուս բնակավայրը հայ-ադրբեջանական սահմանին է՝ հայկական ու ադրբեջանական դիրքերը դեմ-դիմաց են։ Խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը տեղեկացրեց, որ բնակչի հոտը վերադարձնելու ուղղությամբ ռուսական կողմը բանակցություն է վարում։
«Ընթացքի մեջ է, տեսնենք՝ ինչ կլինի վերջը», - ասաց նա։
Ավագանու անդամ ու Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը բանակցությունն անիմաստ է համարում. - «Ռուսներին ասել են, դե ռուս ի՞նչ, ռուսը մեր հողերն է տալիս, հիմա գալու է, ոչխարը վերցնի՞, ձեզ տա՞»։
Ավելին, ասում է՝ իր համագյուղացու 260 ոչխարները ադրբեջանցիներն արդեն համտեսում են. - «Արդեն բաժանեցին, երևում է էլի, 5 հատ մեկին, 5 հատ մեկին, 13 պոստ ունեն»։
Իսկ սա արավուսցի Ջահանգիրյանի ունեցվածքն էր, որ կնոջ ու երեք երեխաների հետ փայփայում էին որպես ապրուստի միակ միջոց։
«Եղածն էդ էր, էնպես չի՝ միլիոններ ունենք, քրտինքով աշխատել ենք, ստեղծել, պարտքով, վարկով», - ասում է նա։
Երկու տարի առաջ էլ նրա կովերն էին ադրբեջանցիները տարել Սիսիանի սարից, մինչև հիմա ոչ կովերը կան, ոչ էլ փոխհատուցում պետությունից այդ կորստի դիմաց։ Արավուսցի անասնապահը, որ դեռ ոչխարներ ունի՝ 130-ը մնացին, չգիտի՝ դրանց ինչպես արոտավայր տանի ու ապահով հետ բերի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղի բնակիչների իրավունքները, արձանագրում է Թաթոյանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները հարվածել են արավուսցի հովվին, աչքը վնասել, ըստ կնոջ` սպառնացել Բաքու տանել