«Հնարավոր է՝ դիվերսիան են փորձում թաքցնել». Ազատի զորամասի զոհերի ծնողները դժգոհ են քննությունից

Ազատի զորամասի ողբերգությունից մեկ տարի անց մահացած 15 զինվորների հարազատներն ու փաստաբանը պնդում են՝ թեև գործն արդեն դատարանում է, բայց այդ դատավարությամբ իրականությունը պարզել հնարավոր չէ, ավելին՝ իրավապահները անում են ամեն ինչ կոծկելու այդ ողբերգության իրական պատճառները։

«Պարոն Փաշինյանի վարկածից բացի, այլ վարկած չի քննարկվում։ Ես չգիտեմ՝ իմ հիասթափությունը, զայրույթն արդեն չափ ու սահման չունի։ Հիասթափություն չի նշանակում, որ էլ չենք պայքարելու, պայքարելու ենք մինչև վերջ», - ասաց զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Մեկ տարի առաջ Ազատի զորամասի ողբերգության հիմնական վարկած առաջ քաշվեց հրդեհը։ Իրավապահները 15 զինվորի կյանք խլած հրդեհի պատճառը համարեցին բենզինի հետ վարվելու կանոնները խախտելը։ Այդ վարկածով էլ այժմ գործը դատարանում է, մեղադրյալի աթոռին են կապիտան Եղիշե Հակոբյանը, որը բենզինով փորձել էր զորամասի վերածված գյուղական տնակի վառարանը թեժացնել ու ևս 4 պատասխանատու զինվորականներ։

Գաբրիել Կիրակոսյանն իր ու մյուս ծնողների անունից փոխանցում է իրենց դժգոհությունը՝ այս իշխանություններից սպասելիք չունեն, հնարավոր է՝ դիվերսիան են փորձում թաքցնել, որին այդպես էլ չեն կարողացել դիմակայել. - «Ես չգիտեմ՝ ինչ է այնտեղ տեղի ունեցել։ Հնարավոր է՝ դիվերսիան են թաքցնում, այդ նույն Լևոն Խառատյանին պարոն Նորիկյանը հարց է տալիս՝ տղա՛ ջան, որ դու զենքը վերցրել, կանգնել ես կառաուլ, ինչ-որ ձևով քեզ ինստրուկտաժ արե՞լ են թշնամու, դիվերսիոն ներթափանցման դեպքում կամ հարձակման դեպքում ինչ գործողություններ պետք է իրականացնես։ Ասում է՝ ոչ։ Ինչո՞ւ ես այդ տղուն զենքը տալիս, կանգնեցնում, եթե դու ինստրուկտաժ չես անում։ Հրդեհային անվտանգության հետ կապված որևէ ինստրուկտաժներ արվե՞լ են՝ ինչ պետք է անեք հրդեհի դեպքում։ Ո՛չ։ Այսինքն՝ դուք այնտեղ ի՞նչ եք արել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատի հրդեհի գործով դատարանում ցուցմունք է տալիս տուժող վկա զինծառայողը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինվորական կացարանի հրդեհի գործով նիստը կրկին լարված անցավ. այն մի քանի անգամ ընդհատվեց

Լևոն Խառատյանը հրդեհից փրկվածներից է։ Նա վերջին դատական նիստին ցուցմունք էր տվել՝ հաստատելով նույն պաշտոնական վարկածը։ Ծնողներն ու նրանց փաստաբանը, սակայն, նկատում են՝ զինվորը շատ հարցերի պատասխանում է, թե մեկ տարի առաջվա դեպքից մանրամասներ չի հիշում։ Իսկ աբսուրդն այն է, որ բացահայտել է զորամասի բարձիթողի վիճակը, հավելում է փաստաբան Նորիկ Նորիկյանը։

«Չի իրականացվել հետևողականություն և սեփական լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ կարողությունների գործադրում, որպեսզի սույն գործի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվեն ու բացահայտվեն», - նկատեց նա։

Նորիկ Նորիկյանը պնդում է՝ նախաքննության ընթացքում ոչ միայն դիվերսիայի, այլև այլ վարկածները ևս չեն հերքվել։ Ինչո՞ւ իրենք պետք է հավատան հրդեհի ու բենզինի վարկածին, եթե անգամ քննությունն այդ ուղղությամբ է թերի ընթացել։

«Հիմնովին և անխոցելիորեն չի հերքվել հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների արդյունքում այս ողբերգությունն իրականացնելու հնարավորությունը։ Ես ասում եմ՝ չի հերքվել, չեմ ասում՝ եղել է, չի եղել։ Ասում եմ՝ այս վարույթն իրականացնող մարմինը չի իրականացրել համապատասխան աշխատանք, որպեսզի մենք գործի նյութերին ծանոթանալու արդյունքում հանգեինք հետևության, որ իսկապես բացառում էր դիվերսիան», - շեշտեց Նորիկյանը։

Ծնողները կասկածներ ունեն, որ իրենց երեխաները հրդեհից առաջ կամ արդեն մահացած էին, կամ էլ առնվազն անգիտակից էին. - «Փնթի, անպատասխանատու, մատների արանքում կամ պատկերավոր ասած՝ բանակի բարդակի վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն է գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Փնթի կառավարումն էլ ինչպե՞ս է լինում, Նիկո՛լ», - նշեց փաստաբան Նորիկյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչի՞ց են մահացել տղաները, ինչո՞ւ չեն փախել. Ազատի կացարանում զոհվածների ծնողների հարցերը 6 ամիս անց միայն խորացել են

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վերահսկողության իսպառ բացակայություն է». վերջին 3 օրերին ոչ մարտական պայմաններում 3 զինծառայող է մահացել

Սգավոր ծնողներն ու նրանց փաստաբանը նաև կացարանում տեղի ունեցած վեճի մասին են հիշատակում՝ պնդելով, որ պետք էր պարզել, թե դա ինչից է ծագել, արդյոք դա է եղել հրդեհի պատճառը։ Գլխավոր դատախազությունն, իր հերթին, հակադարձում է՝ քննել են տարբեր վարկածներ, այդ թվում՝ դիվերսիային վերաբերող, որոնք հերքվել են մեծածավալ գործողությունների արդյունքում։ Իսկ դատարանում քննվող վարկածը հաստատվել է բավարար փաստերով։ Դատաքննությանը զուգահեռ նաև քննում են վերադաս պաշտոնյաների գործողությունները։