Հայասատնի նախագահ Վահագն Խաչատրյանն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ Դավոսում քննարկել է տարածաշրջանային հարցեր։
«Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտգործնախարարն ընդգծել է Կովկասում գործընթացների զարգացման ֆոնին հաղորդակցության պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայությունը», - X-ի իր էջում գրել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Օրեր առաջ դեսպանն, «Ազատության» հարցին ի պատասխան, վերահաստատեց՝ Իրանը միշտ աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով՝ այն, ինչը պատճառ կդառնա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտման, Թեհրանի համար ընդունելի չէ։
Մեհդի Սոբհանին վստահեցրեց՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չի խախտվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբդոլահիան․ «Իրանի և Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա»Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին հայտարարել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է։ Երևանը նաև շարունակում է պնդել, որ ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ոչ էլ Ադրբեջանի հետ բանակցություններում «միջանցքային տրամաբանություն չկա», իսկ ապաշրջափակման դեպքում սահմանի վերահսկողություն իրականացնելու է միայն հայկական կողմը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի դեսպանը վստահեցնում է ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չի խախտվի