«Ազատության» հավաստի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ կնշանակվի երեք մարզերում ոստիկանապետ եղած Արամ Ղազարյանը։
Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնն զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։
2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։
Լոռու մարզպետի պաշտոնը թափուր է արդեն երկու շաբաթ՝ վարչապետի վերջին ստուգայցից հետո, երբ վարչապետը պետական բյուջեի միջոցներով կառուցվող դպրոցներում ու մարզադպրոցներում բազմաթիվ խախտումներ էր հայտնաբերել։ Ստուգայցին հետևեց մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը չհերքեց, բայց նաև հրաժարվեց մեկնաբանել Արամ Ղազարյանին Լոռու մարզպետի պաշտոնում նշանակելու հավանականությունը։ Հրաժարվեց նաև պատասխանել հարցին՝ արդյո՞ք վարչության երեկվա նիստում քննարկվել է այս հարցը։
«Բավարարվեք պաշտոնական տեղեկություններով, որոնք հրապարակվել են վարչության նիստից հետո», -ասաց Ալեքսանյանը։
Հաղորդագրության մեջ ընդամենը մեկ նախադասությամբ նշվել էր, որ նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ու քննարկվել են կուսակցության Լոռու մարզի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր՝ առանց մանրամասնելու՝ արդյո՞ք քննարկվել է մարզպետի թեկնածությունը, թե՞ ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետն ազատվել են պաշտոններից