Այսօր ցերեկը ռուսական կողմը ռմբակոծել է Խերսոնը, առնվազն մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։
Երեկ էլ ուշ երեկոյան ռուսական զորքերը Ս-300 հրթիռներով հարվածել են Խարկովին, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել, երկու կին ծանր վիճակում է։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նշել է, որ հարվածել են քաղաքի կենտրոնին։ «Հենց այնտեղ, որտեղ չկա ռազմական ենթակառուցվածք, և որտեղ կան բնակելի շենքեր», - գրել է նա իր Տելեգրամ ալիքում։
Ռուսներն այս գիշեր նաև անօդաչուներով են հարձակվել ուկրաինական քաղաքների վրա, 20 սարքերից 19-ն ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է։
Ռուսական կողմն անցած դեկտեմբերից սկսել է կրկին ակտիվ ռմբակոծել ուկրաինական քաղաքները, իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերից, անցել է ակտիվ գրոհների ճակատի բոլոր ուղղություններով, ու թեև այս մի քանի ամսվա ընթացքում ռուսները նոր տարածքներ գրեթե չեն գրավել, Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարել է, թե նախաձեռնությունը ճակատում ամբողջովին ռուսների ձեռքերում է։
«Հիմա դա միանգամայն ակնհայտ է՝ ոչ միայն ձախողվել է նրանց հակահարձակումը, այլև ռուսական բանակն ամբողջությամբ ունի նախաձեռնությունը։ Եթե հակամարտությունը շարունակվի, ուկրաինական պետականությունը կարող է անուղղելի, շատ լուրջ վնասներ կրել», - ասել է նա՝ հավելելով, - «Մեզ չեն կարող ստիպել հրաժարվել գրաված տարածքներից։ Ինչ վերաբերում է այս բանակցային գործընթացին, սա փորձ է ստիպել մեզ հրաժարվել վերջին մեկուկես տարվա ձեռքբերումներից։ Բայց դա անհնար է; Բոլորը հասկանում են, որ դա անհնար է՝ և՛ Ուկրաինայի իշխող շրջանակները, և՛ արևմտյան վերնախավերը, բոլորը դա հասկանում են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական Վորոնեժ քաղաքը ուկրաինական ԱԹՍ-երի հարձակմանն է ենթարկվել. ճակատում իրավիճակը չի փոխվում
Սա ևս մեկ ապացույցն է նրան, որ Պուտինը չի հրաժարվել Ուկրաինայում մաքսիմալիստական նպատակներից, գրում են պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ավելի կոշտ հայտարություն է արել՝ գրելով, թե ուկրաինացիների համար անվտանգ կյանքի միակ ճանապարհը Ռուսաստանի հետ մեկ պետությունում ապրելն է։
Ռուսաստանի նախկին նախագահի խոսքով՝ անկախ ուկրաինական պետության գոյությունը «մշտապես պատճառ կդառնա ռազմական գործողությունների վերսկսման համար», անկախ նրանից, թե ով կլինի դրա ղեկին։
Ուկրաինացիները կարող են փրկվել «անխուսափելի» մահից՝ միայն ընտրելով «կյանքը մեծ ընդհանուր պետության մեջ», գրել է Մեդվեդևը։
Ռուսական չդադարող այս ագրեսիայի ֆոնին՝ արևմտյան լիդերները հայտարարում են, թե շարունակելու են ռազմական աջակցությունն Ուկրաինայում։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի ևս 40 SCALP թևավոր հրթիռ։ Ֆրանսիան այս հրթիռների առաջին փորձնական խմբաքանակը, որոնց չափերը չեն հրապարակվում, Ուկրաինա է փոխանցել 2023 թվականի ամռանը։ Մինչ այդ նման Storm shadow հրթիռներ Ուկրաինային տվել էր Բրիտանիան։
Այս հրթիռներով ուկրաինական բանակը, մասնավորապես, մի քանի հաջող հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերի վրա Ղրիմի նավահանգիստներում, ինչպես նաև Սևաստոպոլում գտնվող նավատորմի շտաբի վրա։
Մակրոնը նաև հայտարարել է, թե փետրվարին կայցելի Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը ստորագրելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պուտինը գիշատիչ է»․ Զելենսկին՝ ԴավոսումՈւկրաինայի նախագահն իր հերթին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում երեկ ունեցած ելույթի ժամանակ արևմտյան երկրներին կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Կիևին, որպեսզի Ռուսաստանը չհաղթի պատերազմում։
Զելենսկին նշել է, որ «դրական ազդանշաններ» է ստացել Ուկրաինային ֆինանսական աջակցության վերաբերյալ Եվրամիությունից։ Բացի այս, նա հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-n նույնպես կհաստատի Կիևին տրամադրվող օգնությունը։
Այսօր արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հավելել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են F-16 կործանիչներ, հեռահար հրթիռներ և էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ։ «Եթե այս ամենը լինի, մենք կշարունակենք հաղթել և ազատագրել մեր տարածքները», - ասել է նա։