Թուրքական բանկերը հրաժարվում են ռուսական բանկերի հետ համագործակցել․ «Կոմերսանտ»

Ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու նպատակով թուրքական բանկերը սկսել են հրաժարվել ռուսական բանկերի հետ համագործակցությունից, գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը։

Թերթի տվյալներով՝ թուրքական գրեթե բոլոր բանկերն արդեն խզել են թղթակցային հարաբերությունները Ռուսաստանի վարկային կազմակերպությունների հետ և դադարեցրել վճարումների ընթացքը։

Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրի՝ բացառությունները վերաբերում են միայն Ռուսաստանում օտարերկրյա բանկերի դուստր ձեռնարկություններին:

Թերթը գրում է, որ թուրքական բանկերը մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելն ու այդպիսով դոլարային վճարումներից զրկվելը կարող է տեղացի հաճախորդների արտահոսք առաջացնել։

«Կոմերսանտ»-ի զրուցակիցների կարծիքով՝ այս իրավիճակում Ռուսաստանի համար միակ արդյունավետ տարբերակը կարող է լինել Թուրքիայի հետ ֆինանսական գործարքները այլ երկրների, օրինակ, ԱՊՀ-ի բանկերի միջոցով իրականացնելը։