Մատչելիության հղումներ

Հայաստանյան որոշ բանկեր այլևս չեն սպասարկում ռուսաստանյան Мир քարտերը 


Հայաստանյան բանկերի մի մասն այլևս չի սպասարկում ռուսաստանյան Мир վճարային համակարգի քարտերը։ Թե ֆինանսական այդ հաստատությունները ե՞րբ և ինչո՞ւ են նման որոշում կայացրել, ոչ մեկը օրվա ընթացքում չարձագանքեց «Ազատության» հարցմանը։

Երկուսից՝ «Ակբա բանկից» և «ՎՏԲ Հայաստանից» փոխանցեցին, թե այսօր էլ սպասարկում են Мир քարտերը, սակայն միայն «ՎՏԲ Հայաստանից» հավաստիացրեցին, որ շարունակելու են սպասարկել։

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված լրագրող Արթուր Ասաֆևն այսօր «Ազատությանը» պատմեց, որ Երևանում գտնվելու ընթացքում բազմիցս է օգտվել Мир քարտից, վերջին անգամ մի քանի օր առաջ, սակայն այսօր երկու բանկերի բանկոմատներից չկարողացավ նույն այդ քարտով դրամ կանխիկացնել։

«Չկարողացա դրամ հանել բանկոմատից։ Առաջ ցանկացած բանկից կարող էի գումար հանել՝ ռուբլին վերածվում էր դրամի, և ես հանում էի բանկոմատից՝ ինչքան հարկավոր էր», - նշեց Ասաֆևը։

Փոխարենը, Ասաֆևը իր Мир քարտով կարողացավ երևանայան մի խանութում գնում կատարել. խանութում POS-տերմինալը սպասարկում է այն բանկերից մեկը, որն այսօր էլ ընդունում է ռուսաստանյան քարտերը։

Ռուսաստանյան Мир վճարային համակարգը ստեղծվել է 2014-ին՝ ռուսական զորքերի կողմից Ղրիմի բռնազավթումից հետո, երբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին Կրեմլում որոշեցին ստեղծել դրամական փոխանցումների սեփական համակարգը։

2017 թվականից հայաստանյան ArCa և ռուսական Мир վճարային համակարգերի համագործակցության արդյունքում, ArCa քարտերը կարող են սպասարկվել Ռուսաստանում, իսկ Мир-երը՝ Հայաստանում:

Արդյո՞ք Հայաստանում շարունակելու են սպասարկվել ռուսական քարտերը. Կենտրոնական բանկից «Ազատությանը» փոխանցեցին. «Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»:

Мир քարտերի հետ կապված պատմությունը սկսվեց սեպտեմբերի 15-ից, երբ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան վճարային համակարգը կառավարող ընկերության ղեկավար Վլադիմիր Կոմլևի նկատմամբ։ Հեղինակավոր Financial Times պարբերականը նույն օրը գրեց, թե Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ճնշում են գործադրում Թուրքիայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի երկրների նկատմամբ՝ դադարեցնելու համագործակցությունը Мир համակարգի հետ։ Օրեր անց թուրքական խոշորագույն երկու բանկերը` Isbank-ը և Denizbank-ը դադարեցրեցին սպասարկել Мир քարտերը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, Հայաստանում Мир քարտերի կասեցումը տնտեսությանը մեծ վնասներ չի հասցնի, սակայն գործարարները կարող են որոշակի խոչընդոտներ ունենալ վճարումների առումով, քանի որ Երևանի հետ գործ ունեցող ռուսաստանցիները ստիպված կլինեն հայաստանյան բանկերում հաշիվներ բացել։

«Հիշեցնեմ նաև, որ փետրվարին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, Мир քարտերի նկատմամբ Կենտրոնական բանկը որոշակի սահմանափակում մտցրեց, մասնավորապես, սահմանափակեց մինչև 50 հազար դրամ մեկ օրվա ընթացքում կանխիկացման հնարավորությունը, սրանով փորձելով զսպես Հայաստանի տարածքում ռուսական գումարների, փողերի կանխիկացման գործընթացը: այսինքն մենք արդեն մարտ մասից սկսած, կարող ենք ասել, Мир քարտերի նկատմամբ որոշակի սահմանափակում ենք ունեցել», - ասաց Պարսյանը:

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, հայաստանյան և արտերկրի բանկերի կողմից թողարկված քարտերով այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել են 4.3 միլիարդ դոլարի գործարքներ, որոնցից 17.4 տոկոսը Мир քարտերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG