«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է Իրաքի հյուսիսում իսրայելական «լրտեսության շտաբի» վրա հարձակման մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցները։
Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը նաև հաղորդել է Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին հարվածելու մասին։
Reuters-ը՝ վկայակոչելով Քրդական ինքնավարությունում ԱՄՆ առաքելությունների պաշտոնյաներին, նշում է, որ ամերիկյան օբյեկտները չեն տուժել։
Էրբիլի վրա հարվածների հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս վեցը վիրավորվել է, հայտարարել է քրդական կառավարության անվտանգության խորհուրդը՝ հարվածները որակելով «հանցագործություն»:
Խորհուրդը նաև նշել է, որ Էրբիլում բնակելի շենքին հարվածի հետևանքով սպանվել է ամենախոշոր քուրդ ձեռնարկատեր, մուլտիմիլիոնատեր Փեշրո Դիզայը, որը ներգրավված էր Քրդստանում (Իրաքի քրդական շրջանում) շինարարական նախագծերում: Մահացել են նաև նրա ընտանիքի մի քանի անդամներ։
Իսրայելը դեռ չի արձագանքել։ ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն դատապարտել է Իրանի հարվածները։