Ինչո՞ւ էր զինծառայողը մենակ, ինչո՞ւ էր զորացրման օրը դեռ դիրքերում. Բենիամին Մանուչարյանի համագյուղացիները հարցեր ունեն

Հենց զորացրման օրը ձնաբքի մեջ մահացած ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանի հոգեհանգիստն է այսօր։ Երկու օր առաջ Այնթափում նրա հարազատները, ընկերները հանդիսության սրահում մեծ խնջույքով պատրաստվում էին դիմավորել նրան։

«Երեկոյան նստած սպասում էինք, որ պիտի գա։ Մի ահավոր տեսարան էր, անհամբեր սպասում էինք։ Մորն ասացի՝ միգուցե անակնկալ է անում, գալու է… ոգևորությամբ էինք սպասում, բայց....», - պատմում է Բենիամինի դասվարը՝ Լուսինե Խաչատրյանը։

Բենիամին Մանուչարյանը Սիսիանի զորամասում էր ծառայում, շաբաթ՝ զորացրման օրը, դիրքից պիտի զորամաս իջներ ու հասներ իրեն սպասող հարազատներին։

Լուսինե Խաչատրյանը ոչ միայն նրա դասվարն է եղել դպրոցում, այլ նաև ընտանիքի հարևանն է. - «Մայրն ասաց, որ վերջին անգամ 11։30 է զրուցել, ասել է՝ այդ ի՞նչ ձայներ են, բա՝ ձյուն է, քայլում եմ, մամ, հեչ չմտածես, մեկ է՝ հասնելու եմ»։

Հավաքվածները սպասել ու տագնապով հեռացել են սրահից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կորել է կապը զինծառայողի հետ. ՊՆ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին. ՆԳՆ

Հենց շաբաթ օրը Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ եղանակային անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է զինծառայողի հետ կապը, և որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են սաստիկ բքի ու մառախուղի պայմաններում։ 20-ամյա զինծառայողի մարմինը հայտնաբերվեց 24 ժամ անց՝ ձյան տակ, մարտական դիրքի հարակից ձորում՝ Սիսիանի Ցղունի գյուղի տարածքում։

Բքի ու մառախուղի պայմաններում ինչո՞ւ են թույլ տվել, որ զինծառայողը ճանապարհ ընկնի, ինչո՞ւ էր մենակ, զորացրման օրն ինչո՞ւ էր դեռ դիրքերում. այնթափցիները հարցեր ունեն։

«Գոնե մեկ-երկու օր առաջ կարելի էր նրան իջեցնել, չգիտենք՝ ում մեղադրենք, անկեղծ եմ ասում, երեխային մեղադրե՞նք, որ ուզեցել է ընկերների հետ լինել, այդպես էլ չի։ Բա ղեկավարությունն ո՞ւր էր», - ասում է Լուսինե Խաչատրյանը։

Համայնքապետարանի ներկայացուցիչ Կառլեն Մուրադյանը շեշտում է՝ եթե նույնիսկ տուն, սիրելիների մոտ շտապող զինծառայողն անհամբեր էր, մի՞թե բանակային կարգուկանոն չկա, որին պիտի ենթարկվեր ու տեղից չշարժվեր։ Թող ուշ հասներ, բայց հասներ տուն, ասում է. - «Զինվորին ո՞նց կարան մենակ թողնեն կամ ինքնագլուխ, մարդ է ջահել, կարող է մի բան անի, բա դուք զինվորական, բա էդ չաստում մարդ չկա՞ մի զինվորական կարգուականին ենթարկի»։

Դեպքի հանգամանքները պարզվում են Քննչական կոմիտեում։ Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական անփութության հոդվածով։ Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է սկսել։

Անվտանգության կանոնների խախտման արդյունք է. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ գերատեսչությունը պիտի խորքային ուսումնասիրություն ու հետևություն անի։

«Ձյունածածկ տարածքներ կան, այդ տարածքներում գործելու, շարժվելու, քայլելու հնարավորությունները պետք է ամբողջությամբ ապահովել, նոր դրանից հետո թույլ տալ, որ անձնակազմը դուրս գա։ Սա անվտանգության կանոնների խախտման արդյունք է», - ասաց նա։

Այս տարվա 15-րդ օրն է, և բանակում մահվան արդեն երրորդ դեպքն է գրանցվում ոչ մարտական պայմաններում։ Մի զինծառայողի մահ ինքնասպանություն է որակվել, մյուսինը՝ սպանություն։ Ձնահյուսի տակ զինծառայողներ էին ընկել ու մահացել 2021 թվականին՝ մեկ հոգի, 20 թվականին՝ 3 հոգի, 18 ին՝ 2 զինծառայող։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայմանագրային զինծառայողի սպանության գործով ժամկետային զինծառայողը կալանավորվել է

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր հանձնարարականներ՝ ԶՈՒ-ում մեկ օրում մահվան երկու դեպքից հետո

Նարինե Գաբրիելյանի որդին Բենիամինի մանկության ընկերն է, նաև միասին էին ծառայում Սիսիանի զորամասում։ Վահանին այսօր թույլ են տվել, որ գա, ընկերոջ հոգեհանգստին մասնակցի։ «Գուցե կիմանանք՝ ինչն ինչպես է եղել», - ասում է Նարինեն։

Բենիամին Մանուչարյանի դասղեկը՝ Արուսյակ Ռումելյանը հիշում է. - «Խոր աշնանն էր, զանգահարեց, ասաց՝ զանգել եմ, տեսնեմ՝ ինչպես եք, շուտով կհանդիպենք»։

«Մեր բոլոր քեֆերի ոգին էր», - ասում է նա։

Բենիամինը երգում էր, դհոլ նվագում, ընկերներով նվագախումբ ունեին։

Բենիամին Մանուչարյանը ծնողների առաջնեկն էր, փոքր քույր ու եղբայր ունի։