Ուկրաինան հաղորդում է ռուսական երկու ռազմական ինքնաթիռ խոցելու մասին, ՌԴ ՊՆ-ն չի հաստատում

A-50

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Ազովի ծովում ռուսական A-50 հետախուզական ինքնաթիռ է խոցվել և Իլ-22Մ ռմբակոծիչ վնասվել։

«Ազատության» "Настоящее Время"-ն փոխանցում է, որ այս տեղեկությունները նախ հայտնվել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներ Յուրի Մյսյագինի և Ալեքսանդր Ֆեդիենկոյի տելեգրամյան ալիքներում, ապա ավելի ուշ դրանք հաստատել է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Ուկրիանայի պաշտպանության ուժերը։

Այսօր առավոտյան Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը ևս տելեգրամյան ալիքում գրել է․ - «Սա Դնեպրի համար է: (2023-ի հունվարի 14-ին Դնեպրում 9 հարկանի շենքի հրթիռակոծության հետևանքով 46 մարդ զոհվեց)։ P.S. Դեռ առանց մանրամասների»։

Ուկրաինական "Цензор.нет"-ը, մեկնաբանելով Օլեշչուկի գրառումը, նշել է, որ «ակնհայտորեն խոսքը A-50-ի խոցման և Իլ-22Մ ինքնաթիռի վնասման մասին է»։

"Рыбарь"-ն էլ չի բացառել, որ ինքնաթիռներից մեկը սխալմամբ խոցված լինի ռուսական հակաօդային պաշտպանության կողմից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի մեկնաբանել ինքնաթիռների խոցման մասին տեղեկությունները։