«Թուրքիան այնպես է գործում, կարծես «Համաս»-ի դե-ֆակտո գործադիր թևը լինի», - այսօր X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող իսրայելցի Սագիվ Յեհեզկելի ձերբակալությունից հետո։
«Անթալյասպոր» ակումբի իսրայելցի կիսապաշտպանին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա «Տրաբզոնսպոր»-ի հետ կիրակի օրը կայացած խաղի ժամանակ դաշտ է դուրս եկել՝ Գազայում Իսրայելի գործողությունները պաշտպանող թևկապով։
«Յեհեզկելին ձերբակալել են ատելության և թշնամանքի հրապարակային հրահրման համար», - հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը։
«Թուրքիայի այս գործողությունները երեսպաշտության և երախտամոռության վառ դրսևորում են», - հակադարձել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը կտրականապես հերքում է պնդումները, թե ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների դեմ