Հայաստանի Հանրապետությունը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով, «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։
Ընդգծելով, որ Հայաստանի առաջնահերթություններն են շարունակում մնալ անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունը՝ Մակունցը շեշտեց՝ սա է ուղենիշը, և բոլոր քայլերն այդ թվում՝ Վաշինգտոնում, միտված են հենց այս հիմնարար շահերը սպասարկելուն և պաշտպանելուն։
Երևանը պետք է շարժվի հայ-ամերիկյան հարաբերությունների տեմպը շարունակ ավելացնելու ուղղությամբ, ասաց դեսպանը։
«Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանում բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն ու կարգավորումը չեն հակադրվում միմյանց։ Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երրորդ պետության դեմ, այլ միտված են համակողմանի պաշտպանելու մեր կենսական շահերը», - ընդգծեց Մակունցը։
Մոսկվան մեղադրում է Արևմուտքին տարածաշրջանից իրեն դուրս մղելու փորձերի համար։ Երևանն էլ հակադարձում է՝ Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգում Ռուսաստանին դուրս մղելու օրակարգ չկա, «Երևանն ուղղակի նաև արևմտյան գործընկերների հետ սկսել է քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերվող հարցեր»։
«Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու համաձայնություն Բաքվի կողմից չկա»
Այս պահին Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու համաձայնություն Ադրբեջանի կողմից չկա, նաև ասաց Մակունցը՝ հիշեցնելով, որ անցած շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով նաև քննարկել է Վաշինգտոնում խաղաղության բանակցություններ անցկացնելու հնարավորության հարցը։
«Այս պահին, որևէ հստակություն, պայմանավորվածություն չկա», - ասաց դեսպանը։
Լուիս Բոնոն, ի դեպ, Երևանից հետո Բաքու չայցելեց. թե ինչու, ամերիկյան ու ադրբեջանական կողմերը պաշտոնապես չեն բացատրել։
Պաշտոնական Բաքուն վերջին շրջանում ակտիվորեն խոսում է երկկողմ՝ առանց միջնորդների հանդիպման մասին։ Անցած տարեվերջին արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները Բաքուն չեղարկեց՝ Միացյալ Նահանգներին մեղադրելով կողմնակալության մեջ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․