Գյումրիի համայնքապետարանը սկսել է ապամոնտաժել Հաղթանակի պողոտայի զբոսայգու հարակից մայթերի կրպակները. ինչո՞ւ հիմա

Գյումրիի համայնքապետարանը տարին սկսելուն պես Գյումրիի Հաղթանակի պողոտայի զբոսայգու հարակից մայթերի կրպակները սկսեց ապամոնտաժել։ Համացանցում սկսեցին քննարկել, թե ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագրի խզումից հետո, երբ համայնքային իշխանությունն ամբողջությամբ անցավ «Բալասանյան» դաշինքին, նախկին կոալիցիոն գործընկերոջը փորձում են ապացուցել, որ իրենց քաղաքական թիմով միայնակ էլ կարող են աշխատել։

Ինչո՞ւ քաղաքապետարանը հիմա անցավ ապամոնտաժմանը, այլ ոչ Հաղթանակի պողոտայի նորոգման ժամանակ, հետաքրքրվեցինք Գյումրիի նորանշանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանից։

«Դե մի օր պետք է գար ժամանակը էդ ժամանակավոր տաղավարների ապամոնտաժման հարցը, անցած տարի էինք ուզում պլանավորել, բայց քանի որ դեմը Նոր տարի էր, սկսել ենք հիմա: Մի օր պիտի ապամոնտաժվեր», - պատասխանեց Ջանոյանը:

Արդյո՞ք չեն փորձում նախկին կոալիցիոն գործընկերոջն ապացուցել, որ առանց ՔՊ-ի էլ կարող են քաղաքը ղեկավարել։ Այժմ ավագանու ընդդիմադիր թևում դիրքավորված «Քաղաքացիական պայմանագիրը» «Բալասանյան» դաշինքին մեղադրել էր ոչ արդյունավետ ու ստվերային կառավարման համար։

«Ապացուցելու ոչինչ չունենք, բնական է՝ ապացույցը կգնահատի մեր ժողովուրդը մեր աշխատանքի կատարման արդյունքի շրջանակներում: Սա սովորական պրոցես է, որ մի օր պիտի գար էդ ժամանակը», - նշեց Սուրեն Ջանոյանը:

Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանը կոլաիցիոն հուշագիրը խզելուց հետո կրպակների ապամոնտաժման ինտենսիվ գործընթացում արտառոց ոչինչ չի տեսնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում նախկին գործընկերներ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Բալասանյան դաշինքի» միջև լարվածությունը խորանում է

«Տարին նոր է սկսվել, նոր մոտեցումներ են, բնականոն աշխատանքային պրոցես է, ինձ թվում է, որ ես նման որակում չեմ տա: Պետք է մի քիչ առաջ գնանք, տեմպից տեսնենք, աշխատանքի որակը և գնահատենք», - ասաց Մուրադյանը:

Քաղաքապետարանը 6 կրպակ ապամոնտաժել է, ասում են՝ մեծ մասի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացել էր։ Փոխքաղաքապետի խոսքով՝ կրպակները մայթերի բարեկարգմանն էին խանգարում։ Դրանց ապամոնտաժումն, ասում է, շարունակական գործընթաց է, թե հաջորդը որտեղ կլինի, այս պահին դեռ պարզ չէ։

Տարին Գյումրին սկսեց առանց տեղական հաստատված բյուջեի։ Ավագանու արտահերթ նիստում անցած տարեվերջին ՔՊ-ն տապալեց դրա ընդունումը։ «Բալասանյան» դաշինքի հետ կողմ քվեարկեց Հանրապետականը, սակայն անհրաժեշտ 17 կողմ ձայնը չկարողացան ապահովել։ Շիրակի մարզպետն ասում է՝ քաղաքն առանց բյուջե չի մնացել, նախորդ տարվա համամասնությամբ կշարունակի ֆինանսավորումը մինչև ֆինանսական փաստաթուղթը հաստատվի։

«Ոչ թե առանց բյուջե է մնացել քաղաքն, այլ իրենց նոր կազմած բյուջեն 2024 թվականի չի ընդունվել, ավագանին կողմ չի քվեարկել, մեծամասնություն չի եղել և բյուջեն չի հաստատվել: Այսինքն՝ օրենքով սահմանված կարգով իրենք պետք է նախորդ տարվա բյուջեով իրենց աշխատանքները կատարեն», - ընդգծեց Մուշեղ Մուրադյանը:

ՔՊ-ն ավագանու վերջին նիստում համայնքային բյուջեն համարեց խնդիրներ կոծկող։ Ավագանին առաջիկայում արտահերթ նիստ կգումարի, օրակարգում կրկին Գյումրիի 5.7 մլրդ դրամանոց բյուջեի հաստատումը կլինի։ Արդյոք «Բալասանյան» դաշինքին այս անգամ կհաջողվի ապահովել 17 կողմ ձայնը, առայժմ պարզ չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուռն կրքեր Գյումրիի ավագանիում. ՔՊ-ն տապալեց բյուջեի ընդունումը