«Խաղաղության խաչմերուկ» նախագծի հայտնի չորս սկզբունքները հստակորեն մատնանշում են, թե ինչպես պետք է տեղի ունենա տարածաշրջանի տնտեսական և հաղորդակցային կապուղիների ապաշրջափակման գործընթացը, «Ազատության» հարցին ի պատասխան փոխանցել են Հայաստանի արտգործնախարարությունից։
Հունվարի սկզբին, գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, խոսելով Նախիջևանի հետ ցամաքային կապի սահմանային և մաքսային ռեժիմից, ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է քննարկել «Կալինինգրադի տարբերակը»։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր արտգործնախարարությունից, թե արդյոք քննարկվել է այս առաջարկը և ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանն այս հարցում։
Արտգործնախարարությունից նշել են, թե Հայաստանի և Ադբեջանի միջև ընթացող բանակցությունների շրջանակներում կողմերը միմյանց են ներկայացնում տարբեր հարցեր, այդ թվում՝ նաև տարածաշրջանի տնտեսական և հաղորդակցային կապուղիների ապաշրջափակման շուրջ տարբեր պատկերացումներ, գաղափարներ և մոտեցումներ՝ առանց հստակեցնելու այնուամենայիվ այդ հարցը քննարկվել է, թե՝ ոչ։
Ըստ Հաջիևի մատնանշած տարբերակի՝ Ռուսաստանի քաղաքացիները իրավունք ունեն Լիտվայի ցամաքային տարածքով Կալինինգրադից հասնել Ռուսաստան՝ հատուկ տարանցման փաստաթղթով․ այս դեպքում ՌԴ քաղաքացիներին անհրաժեշտ չէ Շենգենյան վիզա ունենալ։ Այս համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայի ու ԵՄ-ի միջև՝ 20 տարի առաջ։
Դեկտեմբերին Բաքվում տեղի ունեցած համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ Ադրբեջանին պետք է դյուրին մուտք Նախիջևան, առանց սահմանին մաքսային խոչընդոտների, ստուգումների կամ ընթացակարգերի:
Նա նաև ասել էր, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցերը քննարկելիս անդրադարձ է եղել Ռուսաստանի և Կալինինգրադի երկաթուղային գծի փորձին, սակայն Հայաստանը հրաժարվել է դրանից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության խաչմերուկ». ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ ճանապարհներ է Հայաստանը պատրաստ կառուցել ու վերակառուցել